Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը թեեւ վերջերս են միմյանց հետ մտերմացել, սակայն գեներալը այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքապետից ահագին բան սովորել, ճիշտ նրա պես մտածել, նրա «իմաստուն» մտքերը կրկնել: Նախորդ օրը Արթիկում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ գեներալը բոցաշունչ մի ելույթ ունեցավ ընդդեմ մամուլի: Շարքային ԵԿՄ-ականներին կոչ անելով թերթեր չկարդալ՝ այնպիսի տպավորություն ստեղծեց, որ եթե չկարողանան Արցախին տեր կանգնել, ապա մեղավորը մամուլն է լինելու: Մանվել Գրիգորյանը բառացիորեն ասաց. «Վստահեցնում եմ, որ դուք ճիշտ կարող եք միշտ էլ ըլնեք, ապրեք, որպես երկրի տեր, կապ չունի, էլի եմ ասըմ, թե էսօր ով ինչ ա իրանից ներկայացնըմ, ժամանակի ընթացքում բոլորը մեկ ա, էսօր պատկերացրեք, էսօրվա ասենք բոլոր տեսակի մարդիկ ըստեղից քսան տարի առաջ հեչ կարող ա ոչ մի հնարավորություն չեն էլ ունեցել, ամեն ինչ ժամանակը բերելու ա, դնելու ա տեղը: Խոսալով կամ ասելով կամ մեղադրելով, քննադատելով՝ էդ թերթերը, էդ լրատվությունը մի քիչ քիչ կարդացեք, որովհետեւ բաներ են գրըմ, չեն հասկընըմ, չի կարելի էլի, ոնց որ հերն ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա, դա բարոյականություն չի, բաներ կան, որ պտի ասվի, բայց ոչ թե աշխարհի առաջ կամ կայնես քո հորից, մորից, ախպերոջից, ընկերոջից աշխարհի առաջ… Ինչ ուզըմ են, ոնց ուզըմ են, ում հասցեին ուզըմ խոսում են, աշխատեք ինքներդ մտածել, ինքներդ Ձեզ վստահել, դուք պտի ամեն ինչում առաջինը ձեզ վստահեք, նոր մնացածին, ու վստահությունն ա, միասնությունն ա, որ պետք ա մեզ ամուր պահի ու ապագա ստեղծի, մեր, մեր երեխաների ապագայի համար»:
Հիշեցնենք, որ «դավաճան» թերթերի մասին պարբերաբար նման կարծիքներ է հնչեցնում նաեւ Գյումրու քաղաքապետը, վերջինս հատկապես վրդովվում է այն ժամանակ, երբ մամուլում որեւէ հրապարակում է հայտնվում իր ու իր որդու «քաջագործությունների» մասին: Հեղինակ- լրագրողներին տեսնելուն պես հայրենիքի հետ իր անձը նույնացրած քաղաքապետը թունդ «ռազբորկա» է սկսում՝ նրանց «հայրենիքի դավաճաններ, հուդաներ» անվանելով, վերջում էլ պահանջելով՝ գնալ ու թերթը փակել: