«Սարգսյանի եւ Էրդողանի՝ Վաշինգտոն այցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ թուրք-հայկական արձանագրությունները մեռած են: Մենք՝ հայերս, մի լավ խոսք ունենք. «Մեռած ա՝ թաղած չի»: Հենց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրությունների վիճակը: Այսուհանդերձ, եթե մեկն ասի, որ այդ արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, ես չեմ առարկի: Բա հիմա ի՞նչ անենք»,- գրում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Իսկ թե ի՞նչ անել. «Ես կարծում եմ, որ կարիք կա ոչ միայն արմատապես փոխելու մեր արտաքին քաղաքականությունը, այլեւ կենսական անհրաժեշտություն է վերարժեւորել դրա հիմքերը. ինքնին գործողության քաղաքականությունը պետք է փոխարինվի վերջնարդյունքի քաղաքականությամբ: Ի՞նչ է սա նշանակում իրական քաղաքականության մեջ: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ բարօրության համար բավարար կարելիությունների ստեղծում:
Այսինքն՝ Հայաստանի եւ հայերի նկատմամբ իրականացված բոլոր սխալների շտկում: Մենք ուրիշ այլընտրանք չունենք: Սա է այն միակ ուղին, որով մենք մեր տեղը կարող ենք ապահովել գլխակորույս առաջ ընթացող աշխարհում: Մենք այլեւս կիսատ-պռատ գործեր անելու ժամանակի ճոխությունը չունենք:
Ճիշտ ուղղությամբ առաջին քայլն արված է: Նախագահ Սարգսյանի այցն ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանին մեծ խորհուրդ ունի: Թեեւ դեռեւս բազում են անորոշությունները, սակայն արդեն մի բան պարզից էլ պարզ է. այլեւս հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերություններում ունենալ այն կիսաքուն վիճակը, որ ունեինք մինչեւ արձանագրությունները: Ներկայումս մենք ունենք էապես տարբեր իրավիճակ եւ որակապես նոր մարտահրավերներ: Հետեւաբար, մենք պետք է գործենք ըստ այդմ: Մենք միանգամայն նոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք: Չէ՞ որ ասված է. «Եվ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս» (Ավետարան ըստ Մարկոսի, 2.22)։ Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը եւ հայ ժողովրդի հարատեւման միակ ուղին»:
ԱՅՍՕՐ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Եթե պատմության անիվը պտտվեր ճիշտ ուղղությամբ, ապա այսօր Կարեն Դեմիրճյանն իր հարազատների, ընտանիքի անդամների, զինակիցների եւ Վազգեն Սարգսյանի հետ կնշեր իր ծննդյան հերթական տարեդարձը:
Սակայն պատմությունը նաեւ սխալներ է գործում, հաճախ՝ ողբերգական ու ճակատագրական: Հոկտեմբերի 27-ը հենց այդպիսի սխալ էր:
Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով նորից թերթեցի «Առավոտի» 1998-ի էջերը: Փետրվարի կեսերին մենք գրեցինք, որ Կարեն Դեմիրճյանը հնարավոր է՝ մասնակցի նախագահական ընտրություններին, իսկ այդ հրապարակումից երեք օր անց փոքրիկ հարցում էինք անցկացրել մայրաքաղաքում, եւ ձայների մեծ մասը ստացել էր հենց Կարեն Դեմիրճյանը:
Արդեն 1999-ի մայիսին բախտ ունեցա լուսաբանել «Միասնություն» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Վազգեն Սարգսյանը ուշանում էր, իսկ Կարեն Դեմիրճյանը արդեն եկել էր, եւ անթիվ մարդիկ էին հավաքվել նրա շուրջը: Երբ մոտեցա լրագրողական պարտականություններս կատարելու, այսինքն՝ հարցեր տալու, հենց առաջին իսկ հարցից ինձ ընդհատեց, ձեռքս բռնեց ու ժպտաց. «Դու ամուսնացա՞ծ ես», հետո ասաց. «Հարց մի տուր, գրի, որ ընտրություններում հաղթելու ենք, հետո առաջին քայլս լինելու է Վազգենին ամուսնացնելը»: Հետո լրագրողները պատմում էին, որ ընտրողների հետ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ Կարեն Սերոբիչը հայրական հոգատարությամբ խոսում էր Վազգեն Սարգսյանին ամուսնացնելու մասին։ Չհասցրեց: Կարեն Դեմիրճյանի հայտնի միտքը՝ երկիրը փոսից դուրս բերելու մասին, այսօր թեւավոր խոսք է դարձել, բայց ոչ ոք դեռ չի վերցրել ամբողջական պատասխանատվությունը այդ փոսից դուրս գալու մասով: Այսօր նաեւ Կարեն Դեմիրճյան տեսակի կարիքը կա:
Կարդացեք նաեւ՝