Գագիկ Հովհաննիսյանն առաջարկում է որդեգրել «Ո՛չ Ռուսաստանին» կարգախոսը
«Նայեք աշխարհի քարտեզը եւ կտեսնեք՝ չկա մի երկիր, որը լինի Ռուսաստանի հետ եւ լավ ապրի, եւ չկա մի երկիր, որը լինի Արեւմուտքի հետ ու վատ ապրի: Մինչեւ մենք դուրս չգանք Ռուսաստանի ազդեցությունից՝ Հայաստանը երբեք պետություն չի դառնա». սա Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Գագիկ Հովհաննիսյանի կարծիքն է, որը երեկ նա բարձրաձայնեց «Առավոտի» հետ զրույցում: Այն, որ վաշինգտոնյան իրադարձություններից հետո Հայաստանում շրջանառվում են տեսակետներ, թե ավելի տեսանելի դարձավ հայ-թուրքական արձանագրությունների վախճանը, մեր զրուցակիցը համարում է «պրովոկացիա՝ հատուկ նպատակներով», որովհետեւ. «Շատերն են ուզում, որ այդ արձանագրությունները մեռնեն, հարաբերություններ ընդհանրապես չլինեն եւ սահմանն էլ չբացվի, Հայաստանը չթոթափի այս խեղճուկրակ վիճակը եւ դուրս գա միջազգային ասպարեզ»: Վերոնշյալ տեսակետի կողմնակիցներին մեր զրուցակիցը համարում է Ռուսաստանի գործակալներ. «Ռուսաստանը պետք է հեռանա Հարավային Կովկասից, որովհետեւ դրա դիմաց ստացել է Աբխազիան եւ Հարավային Օսիան: Այդպիսին է պայմանավորվածությունը, բայց ՌԴ-ն նաեւ չի խորշի՝ հեռանալով հանդերձ պահպանել ազդեցությունն իր ամենահավատարիմ ֆորպոստում՝ Հայաստանում: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհեստականորեն Հայաստանում պահպանել ռուսական ազդեցությունը՝ Հայաստանը կտանեն կործանման»:
Մինչդեռ նախկին պատգամավորը համոզված է, որ Հայկական հարցն իր լուծումը գտնելու է հենց համաշխարհային քաղաքականության տիրույթում. «Բոլորին էլ ակնհայտ է, որ այս գործընթացներում հայ-թուրքական հարաբերություններն ընդամենը 10 տոկոս են կազմում, մնացած 90-ը Հայաստան-Արեւմուտք հարաբերություններն են: Սա է խնդիրը»: Այն, որ մեկ տարի առաջ արձանագրությունների նախաստորագրման համար թուրքական կողմի պնդմամբ ընտրվեց ապրիլի 23-ը՝ մեր զրուցակցի մեկնաբանությամբ, արդեն իսկ նշանակում է, որ Թուրքիան ենթագիտակցաբար ընդունել է ապրիլի 24-ը եւ Հայոց ցեղասպանությունը. «Հիմա էլ՝ եթե թուրքերն իրենց հայտարարություններում խոսում են ապրիլի 24-ի մասին, ուրեմն այդ օրն իրենց համար ինչ-որ նշանակալի է, ուրեմն ընդունում են Ցեղասպանությունը»: Գագիկ Հովհաննիսյանը հասկանում է նաեւ թուրքական ղեկավարներին՝ իրենց կոշտ հայտարարություններով, քանի որ հասկանում է՝ չափազանց դժվար է 100-ամյա լռությունից հետո կտրուկ հայտարարություններ անել: Բայց վստահ է. «Թուրքերը շատ նուրբ ճանապարհներով մոտենում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այն քաղաքական ուղեգիծը, որը վարում է ՀՀ նախագահը, Հայաստանին տանում է համաշխարհային քաղաքականության էլիտար տիրույթ, որտեղ կարող է լուծվել Հայկական հարցը: Իսկ ովքեր խոսում են պահանջատիրության, Ցեղասպանության մասին՝ մասնատում են հարցը: Կա հայկական հարց: Ընդ որում, իրենց մամուլում թուրքերը հենց «Հայկական հարց» ձեւակերպումն են օգտագործում: Իրենք ավելի ճիշտ են գրում, քան մենք ենք ասում: Երեքհարյուրամյա մեր քաղաքական իդիոտիզմը մեզ բերել է այնտեղ, որ մենք չենք կարողանում պատմական երեւույթներին ճիշտ գնահատական տալ. պահանջատիրություն չի, Ցեղասպանություն չի, այլ՝ Հայկական հարց, եւ, այո, կգա այդ օրը, ու թուրք պատմաբանները կասեն, որ եղել է Ցեղասպանություն»: Իր այս համոզումից ելնելով է, որ մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման հեռանկարից հիստերիայի մեջ չընկնել. «20 տարի առաջ օրհանփամուկները ցեղասպանություն բառը չէին արտասանում, իսկ այսօր ասում են, որ եղել է Ցեղասպանություն, եւ Թուրքիան այն պետք է ընդունի»:
Հիշելով բեռլինյան կոնֆերանսը, դրանից հետո Ներսես արքեպիսկոպոս Վարժապետյանի գրածը՝ թե ինչո՞ւ է Արեւմուտքը մեզ մղում Ռուսաստանի գիրկը, Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, որ արքեպիսկոպոսը մոլորված է, քանզի ոչ թե Արեւմուտքը, այլ Թուրքիան էր մեզ մղում Ռուսաստանի գիրկը՝ Արեւմուտքի մոտ Հայաստանի նկատմամբ անվստահություն էր ձեւավորում: «Այսօր էլ ասում են՝ մինչեւ ղարաբաղյան հարցը չլուծվի՝ սահմանը չենք բացի: Թուրքիան շատ լավ գիտի, որ հենց այդ հարցին բախվեցինք, պետք է ապավինենք Ռուսաստանին: Իսկ հայացքը Հյուսիս շեղելով՝ մենք նորից անվստահություն ենք ձեռք բերում Արեւմուտքում, ու Թուրքիան հասնում է իր նպատակին»,- գտնում է մեր զրուցակիցը: