Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ

Ապրիլ 16,2010 00:00

Մինչեւ մեծ եղեռնը

Օսմանյան կայսրության գերիշխանության շրջանում, բացի խիտ բնակեցված Արեւմտյան Հայաստանի բուն հայկական շրջաններից, հայերը բնակվում էին կայսրության այլ հատվածներում եւս: Կայսրությունում հայաբնակ շրջաններին, որոնց թիվը երեք-չորս տասնյակից անցնում է, շատ քիչ աղբյուրներ են անդրադառնում: Այս երեւույթին ավելանում է նաեւ ժամանակին արված մարդահամարների կեղծ կամ ոչ իրական նկարագիրը, հայկական ազգանունների բացակայության խնդիրը, բռնի կրոնափոխությունը, իսկ ներկայումս տեղանունների փոփոխության հարցը, որոնք եւ համապատասխան գրականության բացակայության պայմաններում հեշտացնում են պատմության խեղաթյուրումը: Ինչպես ողջ Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ հայաբնակ մյուս շրջանների հայությանը, որը նահատակվեց Մեծ եղեռնի ժամանակ, անդրադարձել է sgdf.in թուրքական կայքը, որտեղ տեղ են գտել մանրամասն տեղեկություններ տեղի հայերի, դպրոցների, եկեղեցիների, բնակչության թվի, եւ այլնի մասին: Նմանատիպ կարեւոր տեղեկությունների աղբյուրագիտական բացակայությունը մեզ ստիպեց թարգմանաբար եւ հավելումներով անդրադառնալ հայերով բնակեցված շրջաններին հաջորդիվ:

Բերկրի (Մուրադիյե)

Բերկրին սկզբնաղբյուրներում հիշատակվում է Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի եւ անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե, ավելի ուշ՝ Մուրադիյե:

Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն է եղել։ Այն համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ եւ ընկած է Վանա լճի հյուսիս-արեւմտյան մասում:

Բերկրին հայտնի է իր մի շարք նշանավոր եկեղեցիներով՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս (13-րդ դար), Տեր Պետոյի վանք, Խուլվանք (Ջանիք Սաղըրլար), Խաթուն, Տեր Հուսկան որդի հնադարյան վանք, Տիրամոր վանք, Յեղավանք (Քըզըլ քիլիս- կարմիր եկեղեցի), Արեղ Նախավկայավանք եւ այլն: Բերկրին միջնադարյան Հայաստանի գրչագրության կենտրոններից է եղել։ Այստեղ միայն XIV-XV դարերում գրված եւ ընդօրինակված մեզ հայտնի ձեռագրերի թիվը հասնում է 10-ի։ Դրանք ավետարաններ, շարակնոցներ, բառգրքեր են, որոնք ունեն գրիչների հիշատակարաններ։ Առանձնապես ուշադրության արժանի է 1418թ. Հակոբ կրոնավորի ընդօրինակած ծաղկազարդ ավետարանը։ 1881թ. տեղեկությունների համաձայն, Բերկրիում հայերն ապրում էին 93 անուն գյուղերում, իսկ նրանց ընդհանուր թիվը կազմում էր 16964: Այս թիվը կտրուկ նվազում է 1895-96 թվականների կոտորածի ընթացքում: 1914թ.-ին այստեղ ապրում էին ընդամենը 5152 հայեր, որոնք բնակեցված էին 41 հայկական գյուղերում եւ կազմում էին 734 տուն: Գավառի կենտրոնն էր համարվում հենց Բերկրին: Միայն կենտրոնում 1890թ. տվյալներով ապրում էր 2070 հայ, իսկ 25 տարի անց նրանց թիվը կրճատվում է մինչեւ 187 մարդ՝ 25 տուն:

Թվարկնեք հայերի բնակություն հաստատած 41 գյուղերը՝ իրենց բնակիչներով.

Քյուչուքքյոյ-Պզդիգ գյուղ- 447 հայ եւ 74 տուն, Քըզըլ Քիլիսե-Յեղավանք- 58 հայ, 5 տուն, 1 եկեղեցի, Անձավ-108 հայ, 17 տուն, Արեղ- Օթե- 105 հայ, 15 տուն, 1 եկեղեցի, Կորձուտ-790 հայ, 128 տուն, Ընկուզեկ-311 հայ, 59 տուն, Սուրբ Թադեոս-211 հայ, 25 տուն, Սուրբ Թադեոս եկեղեցի, Քյոշք-70 հայ, 10 տուն, Փշե գմբեթ- 47 հայ, 5 տուն, Քեափարիք- 379 հայ, 51 տուն, Թըքմա-140 հայ, 20 տուն, Վերին եւ ներքին Գանե- 196 հայ, 28 տուն, Չիբուխլու-91 հայ, 13 տուն, Աշեգերան- 70 հայ, 10 տուն, Ավաձոր- 91 հայ, 13 տուն, Ժան- 105 հայ, 15 տուն, Քայմազ- 210 հայ, 30 տուն, Քաչան- 600 հայ, 60 տուն, Բայազիդ Աղաե- 11 հայ, 2 տուն, Փեշվերան- 28 հայ, 4 տուն, Քուրդխան- 80 հայ, 8 տուն, Յեքմալ- 110 հայ, 18 տուն, Գեչան- 14 հայ, 2 տուն, Սալաքհանե- 56 հայ, 8 տուն, Թերոն- 150 հայ, 22 տուն, Սենթ- 140 հայ, 20 տուն, Քարաշիղ- 8 հայ, 1 տուն, Քոմս- 20 հայ, 3 տուն, Մուջա- 21 հայ, 3 տուն, Թավզար- 10 հայ, մեկ տուն, Փեդանս- 10 հայ, 1 տուն, Փերթ- 42 հայ, 6 տուն, Մեթղուլ- 49 հայ, 7 տուն, Թիրաքլը- 42 հայ, 6 տուն, Շարաֆքանա- 7 հայ, 1 տուն, Շեյխ Հայթար- 14 հայ, 2 տուն, Քանթուն- 63 հայ:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել