Լրահոս
Օրվա լրահոսը

Համընկո՞ւմ, պատահականությո՞ւն…

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Այսօր Երեւանի որոշ հաստատություններում, այգիներում, օրինակ՝ Անգլիականում, որը հոգեհարազատ է հատկապես միասեռականներին՝ կտիրի տոնական տրամադրություն: Տոնի առիթը ոչ միայն Հայաստանում նշվող ՀՀ ոստիկանության 9-ամյակն է, այլեւ աշխարհի միասեռականների օրը:

Բնականաբար՝ ինչպես հանդիսավորությամբ կնշվի ՀՀ ոստիկանության կազմավորման 9-ամյակը, նույնասեռականներն էլ party-ների միջոցով կնշեն իրենց տոնը: Չգիտենք ինչ կարծիքի են միասեռականները՝ իրենց եւ ոստիկանների տոների համընկման հետ կապված, բայց ակնհայտ է, որ վերջիններս միմյանց, մեղմ ասած, այնքան էլ չեն հանդուրժում:

Օրինակ, օրերս կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ այս երկու տոների նույն օրը լինելու առնչությամբ ասել է, որ դա պարզապես զուգադիպություն է, եւ խոստացել հաջորդ տարի ոստիկանության օրը փոխել, ինչի առիթով էլ առաջարկ է ներկայացրել երկրի ղեկավարին:

Միասեռականները հավանաբար ոստիկաններին հոմոֆոբ են անվանում, կարծելով, որ երկրի կարգ ու կանոնի պաշտպանները՝ ոստիկանները, իրենց հանդեպ լցված են ատելությամբ, որովհետեւ միասեռական-ոստիկան «հակամարտությունը» գալիս է դեռ սովետական ժամանակաշրջանից, քանի որ թույլ չէին տալիս, օրինակ, այգում սիրաբանել:

«Եթե մենք քննության առնենք այն, թե ինչ սարսափելի վնաս է պատճառում նույնասեռականությունը պետությանը եւ թե ինչպիսի լայն տարածում ունի այդ նողկալի ու ծածուկ մեղքը, ապա կհասկանանք, որ նրա համար սահմանված մահապատիժը շատ մեղմ պատժամիջոց է». այս արտահայտությունը պատկանում է XVIII դարի գերմանացի աստվածաբան-բողոքական Ջոան Միխայելսին: Փաստորեն, աստվածաբանը եւս հոմոֆոբ է եղել՝ կասեն միասեռականները: Իսկ Գեորգ Վեյնբերգն իր «Հասարակություն ու առողջ նույնասեռականություն» գրքում հոմոֆոբիան բնորոշում է որպես նույնասեռականության կողքին գտնվելու վախ:

Միասեռականների թիվը մեր երկրում արդեն իսկ բավականին մեծ է: Բայց հասարակության կարծիքի մեջ դեռեւս մեծ տեղ է գրավում բացասականը: Իսկ կարծիքի համար մարդուն դատապարտելը որեւէ օրենքով չի սահմանվում. յուրաքանչյուր ոք՝ ըստ ՀՀ սահմանադրության, ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Եվ չնայած հայ միասեռականները տեղական ԶԼՄ-ներին մեղադրում են հոմոֆոբիա կամ միասեռատյացություն տարածելու մեջ, այնուամենայնիվ, շնորհավորում ենք նրանց՝ տոնի կապակցությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել