Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՋԱԽ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Այս տարի «Թումանյանական օրը» ավելի հետաքրքիր եւ ինքնատիպ կլինի

Մեկ շաբաթ Հայաստանում էր գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը՝ Արեգ Թոթոլյանը։ Նա Թումանյանի թոռնուհի Սուրմայի որդին է, ապրում եւ աշխատում է Սանկտ Պետերբուրգում, բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գլխավոր իմունոլոգը։ Հայաստանում եւ Լոռում շրջագայությունից հետո «Լոռվա ձոր» հայրենակցական միությունում հանդիպման ժամանակ քննարկվեցին 2010 թ. Դսեղում «Թումանյանական օր» ավանդական հանդիսույթի անցկացման հետ կապված հարցեր։ Մեր թղթակցի հետ զրույցում Արեգ Թոթոլյանն ասաց, որ Հայաստանում չէր եղել երկար տարիներ, չնայած անընդհատ կապ է ունեցել Երեւանում ապրող իր մորաքրոջ՝ Իրմա Սաֆրազբեկյանի, մյուս հարազատների հետ։

Բնական է, որ նա առաջին հերթին այցելեց Երեւանում եւ Դսեղում գտնվող Հովհ. Թումանյանի տուն-թանգարաններ, եղավ Դսեղի եւ շրջակայքի թումանյանական վայրերում։

– Իմ այցելությունը նաեւ մի հետաքրքիր նպատակ ունի,- մեր զրույցը շարունակեց Թումանյանի ծոռը,- ցանկություն ունենք այս տարվա սեպտեմբերին Դսեղում հավաքել Թումանյանի բոլոր ժառանգներին, ովքեր ապրում են տարբեր երկրներում (Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա)։ Մեր հարազատները հնարավորինս ամբողջությամբ հավաքվել են պապիկի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ 1969 թվին։ Անցել է ավելի քան 41 տարի։ Կփորձենք Դսեղ բերել նրանց, ովքեր ներկա են եղել հոբելյանին եւ նաեւ նրանց, ովքեր ծնվել են դրանից հետո»։

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը հայտնեց, որ հանդիպելով Թումանյանի թոռան՝ Իրմա Սաֆրազբեկյանի, ծոռան եւ հարազատների հետ, որոշել են այս տարի սեպտեմբերին Դսեղում անցկացնել «Թումանյանական օր» ավանդական միջոցառումը՝ Թումանյանի ժառանգների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ մի քանի օրով Հայաստան կգան Հովհ. Թումանյանի ավելի քան 30 ժառանգները, այդ թվում եւ թոռնուհին՝ Սուրմա Թումանյանը, որը շուրջ 80 տարեկան է, եւ ամենակրտսերը, որը 3 տարեկան է։

Այս անգամ «Թումանյանական օրը» ավելի հետաքրքիր ու բովանդակալից կլինի, քանի որ Թումանյանի շառավիղները կվերադառնան իրենց պապենական օջախ, եւ իրենց ներկայությամբ ու ելույթներով ավելի զգացական կդարձնեն շփումը մեծ լոռեցու ծննդավայրի եւ ժառանգության հետ։

«Գնալով Դսեղ՝ եւ՛ ուրախացա, եւ՛ տխրեցի,- մեր զրուցը եզրափակեց Արեգ Թոթոլյանը,- ուրախացա, որ տեսա վերափոխված, նոր ցուցանմուշներով հարստացած թանգարանը եւ տխրեցի, տեսնելով, որ թանգարանի հարեւանությամբ գտնվող մեծ գրողի գերդաստանին պատկանող տունը առուծախի առարկա է դարձել։ Դեռ ավելին, այդ գյուղական հին տունը ուզում են ձեւափոխել՝ խաթարելով այդ միջավայրի պատմական դեմքը։

Որքան լսել եմ՝ Մեծ բանաստեղծի 140-ամյակի տոնակատարության օրը երկրի նախագահը գտնվելով Դսեղում՝ հանձնարարել է այս տունը ձեռք բերել Թումանյանի տուն-թանգարանի համար։ Ես ուրախ կլինեի, որ այդպես լիներ։ Մենք՝ ժառանգներս, եւս պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս գործում։ Մի բան գիտենք, որ չի կարելի թույլ տալ կորցնել սկզբունքորեն թումանյանական միջավայրի մաս կազմող տունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել