Ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը Հայաստանում հագեցած է: Հերթական տուրից ընդամենը երեք, իսկ գավաթային 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումներից՝ յոթ օր անց կայացան «Անկախության գավաթի» կիսաեզրափակչի առաջին խաղերը:
Հիշեցնենք, որ գավաթի մեկնարկային փուլը կազմել էին կիսաեզրափակչի «Ուլիս»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Միկա» զույգերը: 2009թ. գավաթային եզրափակչում, ի դեպ, միմյանց էին հանդիպել «Փյունիկն» ու «Բանանցը»: Թե այս անգամ ո՞ր երկու թիմերին կժպտա բախտը՝ պարզ կլինի միայն հաջորդ շաբաթ, երբ կկայանան պատասխան հանդիպումները: Սակայն արդեն պարզ է, որ այս քառյակից ամենաբարդ դրության մեջ է հայտնվել «Ուլիսը»: Սեւադա Արզումանյանի սաներն առաջին խաղում սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ են բաց թողել գործող չեմպիոնից եւ գավաթակրից, որը, ի դեպ, կիսաեզրափակչում եւ եզրափակչում հանդես գալու հարուստ փորձ ունի: «Փյունիկը» 14 անգամ տեղ է գտել գավաթային ուժեղագույն քառյակում, 7 անգամ վիճարկել գավաթակրի տիտղոսը՝ ցանկալիին հասնելով միայն չորս դեպքում: Իսկ ահա ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող «Ուլիսը» երկրորդ անգամ է տեղ զբաղեցնում գավաթային քառյակում: Ավելիին ուլիսցիներին հասնել դեռ չի հաջողվել: Նախորդ խաղարկությունում եւս «Ուլիսի» ճանապարհին կանգնեց «Փյունիկը»՝ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթանակ տոնելով նույն երկու գնդակի տարբերությամբ (2009 թվականին խաղն ավարտվել էր 1:3 հաշվով):
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմող թիմերը նույնպես միմյանց հետ այս փուլում հանդիպելու պատմություն ունեն, այն էլ՝ բավական հարուստ: ՀՀ գավաթի խաղարկության վերջին երեք տարիների կիսաեզրափակիչներում «Բանանցն» ու «Միկան» միմյանց միջեւ են վիճարկել եզրափակչի ուղեգիրը: Սրան, թերեւս, «նպաստում» է Հայաստանում ֆուտբոլային պրոֆեսիոնալ թիմերի խիստ դեֆիցիտը: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ու դեռ ստիպված ենք դրանով էլ բավարարվել՝ ամեն հաջորդ տարի նույն դերակատարների մասնակցությամբ ու գրեթե անփոփոխ սցենարով ընթացող «կինոն» նայելով:
Հետաքրքրական է, որ իրավամբ «գավաթային» թիմ համարվող «Միկան» ստիպված է եղել երեք դեպքերում էլ ճանապարհը զիջել «Բանանցին»: Իր հինգ գավաթներից վերջինը 2006-ին վաստակած «Միկան» 2007-ից ի վեր չի կարողանում հաղթահարել կիսաեզրափակչի այս փուլում իրեն պարտադիր բաժին հասնող «Բանանցի» արգելքը: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «Միկան», թերեւս, ամենակայուն թիմն է, որն իր պատմության ընթացքում 11 անգամ մասնակցելով «Անկախության գավաթի» խաղարկությանը՝ նույնքան անգամ էլ տեղ է ունեցել ուժեղագույն քառյակում: Իսկ ահա եզրափակիչներում «Միկան» հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել: Հինգ անգամ մասնակցելով գագաթնախաղերին՝ բոլորում էլ հաղթանակ է տոնել. 2000-ին Երեւանի «Զվարթնոցի», 2001-ին՝ «Արարատի», 2003-ին՝ «Բանանցի» (ի դեպ, գավաթային խաղերում սա «Միկայի» միակ հաղթանակն է «Բանանցի» նկատմամբ), 2005-ին՝ «Կիլիկիայի» եւ 2006-ին՝ «Փյունիկի» նկատմամբ:
Այս տարի գավաթային կիսաեզրափակչի առաջին խաղը «Միկան» մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց, ինչն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում պատասխան խաղից առաջ: Ավելին, առաջնության մեկնարկային տուրում՝ ընդամենը երեք շաբաթ առաջ, Արմեն Ադամյանի սաները հասցրել են 4:0 հաշվով պարտության մատնել «Բանանցին»՝ այսպիսով գոնե չեզոքացնելով Կուզմանոսկու թիմի հոգեբանական՝ գավաթային առավելությունը:
Իսկ թե եզրափակչի ի՞նչ կազմի ականատես կլինենք մայիսի 9-ին, պարզ կդառնա արդեն մի քանի օրից: Ապրիլի 20-ին «Փյունիկն» ու «Ուլիսը» կմրցեն Հանրապետականում, իսկ մեկ օր անց՝ «Միկայի» մարզաբազայում հերթական անգամ եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն «Միկան» ու «Բանանցը»: