«Առավոտի» նախորդ համարում տպագրել էինք ազատ ըմբշամարտի ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբուլատ Տեդեեւի մտահոգությունը՝ կապված Բաքվում ընթացող Եվրոպայի առաջնության մրցավարության կողմնակալության հետ: Եվ ահա դրա առաջին ապացույցը, կարծես, արդեն կա:
«Azerisport»-ը երեկվա ինտերնետային էջում «Ռուսաստանը ոչ մի կերպ չի հաշտվում Ադրբեջանի հաջողության հետ» վերտառությամբ նյութում մեջբերում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Ադլան Վարաեւի՝ 66 կգ քաշայիններ Մագոմեդմուրադ Հաջիեւի եւ ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովի միջեւ կայացած եզրափակիչ գոտեմարտի մեկնաբանությունը: «Ես այդ գոտեմարտը դիտում էի ՖԻԼԱ-ին հատկացված տրիբունայից: Առաջին փուլում ադրբեջանցուն տրված երեք միավորն ինձ զայրացրեց: Ադրբեջանցին ընդամենը մեկ միավոր էր վաստակել, այլ ոչ թե երեք: Իսկ երբ տեսագրությունը դիտելով՝ ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին, չնայած հանդիսականի ճնշմանը, պնդելով պահանջեց չեղյալ համարել անարդար որոշումը, գործի դրվեցին մրցավարական խորամանկությունները: Մարտը սպասարկող մրցավարական բրիգադը պարտավոր էր լուսատախտակի վրա անմիջապես փոխել հաշիվը: Բայց, չգիտես ինչու, ձգգում էր: Նրանց այդ դանդաղկոտությունը հունից հանեց մեր գլխավոր մարզիչ Տեդեեւին, ինչի համար գորգի մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց նրան: Եվ Տեդեեւն այլեւս զրկվեց իր սաների մարտավկայի պարտականությունները կատարելու իրավունքից: Ռուսաստանն էլ հարկադրված է դրա համար տուգանք վճարել»,- ասել է Ադլան Վարաեւը:
Սակայն սա դեռ ամբողջը չէ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ՖԻԼԱ-ն ստորագրել է իր պատմության մեջ ամենախոշոր հովանավորական պայմանագիրը՝ $7 միլիոնով: Միավորված ըմբշամարտերի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի հովանավոր է դարձել Ադրբեջանի «AtaHolding» ընկերությունը, որն այդ գումարը հավասարաչափ մասնաբաժիններով ՖԻԼԱ-ին մուծվելու է չորս տարում: