Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 8-10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը՝ «Միասին ֆիլմեր նկարահանենք» վերնագրով։ Երկու երկրում հայտարարվել էր կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն) նախագծերի մրցույթ։ Դրանք պիտի լինեին երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի, ներկայի եւ անցյալի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերի եւ երազանքների մասին։ Հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, թուրքականը՝ 40։ Ստացված հայտերից ընտրվեց 10 նախագիծ, 5-ական՝ ամեն երկրից, որից 4-ը ստամբուլյան հանդիպման արդյունքում պիտի ստանար զարգացման եւ նկարահանման համար դրամաշնորհ: Հայաստանը ներկայացնում էին հինգ երիտասարդ ռեժիսոր՝ Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը եւ Վարդան Դանիելյանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակարգող Արծվի Բախչինյանը:
Փորձագետների խումբը հայկական նախագծերից ֆինանսավորման արժանացրեց Դիանա Կարդումյանի «Գալաթեա» եւ Գոռ Բաղդասարյանի «Հարեւանները» ծրագրերը։ Եվս մեկ հայկական նախագիծ՝ Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» ստացավ մասնակի ֆինանսավորում։ Թուրքական կողմից լրիվ ֆինանսավորում ստացավ Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորցրեք երեխաներին» խաղարկային կինոնկարի նախագիծը, մասնակի ֆինանսավորման արժանացավ Ջեմ Օզթուֆենքչիի եւ Մերյեմ Յավուզի «Ողջույն Հակոբից Շուքրուին» նախագիծը: