Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը՝ Սինգապուրում

Ապրիլ 16,2010 00:00

Պատմում է այդ երկրում ստեղծագործող դիրիժոր Գեւորգ Սարգսյանը

Օրերս դիրիժոր Գեւորգ Սարգսյանը իր նախկին աշխատավայրում՝ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ղեկավարեց Ռախմանինովի «Ալեկո» օպերային ներկայացումը: Նա 2008-ից երկարաժամկետ պայմանագրով հանդիսանում է Սինգապուրի փոքր սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: «Հայեր կամ Հայաստան ասելիս՝ շարքային սինգապուրցին մտաբերում է խոլորձ ծաղիկը, տեղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սարգիս եղբայրների փողոցը, The Straits Times օրաթերթը եւ Raffles Hotel հյուրանոցը,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գ. Սարգսյանը եւ մանրամասնեց,- խոլորձի «հեղինակը» ծագումով հայուհի Վանդա միսս Յոահիմն է, որն այն ստացել է մի քանի ծաղիկների խաչասերումից: Հեղինակավոր The Straits Times օրաթերթը 1845թ. հիմնել է Քեչիկ Մոսեսը, իսկ Սարգիս եղբայրներն էլ 1887թ. հիմնել են մինչ օրս գործող բարձրակարգ հյուրանոցը: Փաստորեն, 19-րդ դարի կեսերի հայերն իրենց ճանաչել տվել են Սինգապուրում: Այսօր էլ առաջնակարգ ուսումնական հաստատություններում աշխատում են նախկին հայաստանցի լավագույն մասնագետներ, այդ թվում՝ գիտնականներ, տնտեսագետներ, ֆիզիկոսներ եւ այլն: Սինգապուրի շախմատի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է հայաստանցի Աշոտ Նադանյանը, որը ժամանակին մարզել է նաեւ Քուվեյթի հավաքականը: Միայն երաժշտարվեստում ենք փոքրաթիվ. ես ու կինս՝ Անի Ումեդյանը: Մենք դասավանդում ենք նաեւ տեղի երաժշտական կենտրոններից մեկում»:

Տեղեկացնենք, որ մեր զրուցակիցը դեռեւս ուսանողական տարիներին համերգներ է ունեցել Երեւանի կոնսերվատորիայի՝ Կոնստանտին Սարաջեւի անվան եւ Երիտասարդական կամերային նվագախմբերի հետ: Այնուհետեւ, 2003-04թթ. վերապատրաստվել է Վիեննայի կոնսերվատորիայում, հետո էլ աշխատանքի անցել Ազգային օպերային թատրոնում՝ մասնակցելով Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Վերդիի «Տրավիատա» եւ Ռախմանինովի «Ալեկո» օպերաների բեմադրական աշխատանքներին:

Մինչ Սինգապուր մեկնելը, 2006թ. շահելով մեծանուն դիրիժոր Գեորգ Շոլտիի մրցանակը, պայմանագրային հիմունքներով աշխատել է իտալական Պեսկարա, Ատրի եւ իսպանական Վալենսիա քաղաքների նվագախմբերի հետ: Վերջին աշխատավայրում, չնայած երիտասարդ տարիքին, անցկացրել է վարպետության դասեր:

Անդրադառնալով Գ. Սարգսյանի սինգապուրյան գործունեությանը, նրանից հետաքրքրվեցինք տեղի երաժիշտների մակարդակի մասին: Ըստ մեր զրուցակցի, Սինգապուրում դասավանդում են հիանալի մասնագետներ, կան բառի իսկական իմաստով՝ վիրտուոզ երաժիշտներ, սակայն լսելով նրանց տեխնիկապես բարձր կատարումները, զգում ես, որ որոշ չափով բացակայում է նյութը մատուցելու արվեստագետի հոգին: Խոսելով իր ղեկավարած փոքր սիմֆոնիկ նվագախմբի մասին, մեր զրուցակիցը այն որակեց բարձր մակարդակի. «Ինձ հատկապես գրավում է երաժիշտների՝ աշխատանքին պատասխանատվությամբ մոտենալը: Այդ փաստը արձանագրել են նաեւ այլ երկրներից հրավիրյալ դիրիժորները»:

Դիրիժորը հայտնեց նաեւ, որ շուրջ 40 երաժշտից բաղկացած նվագախմբի լարային կազմի երաժիշտները նվագում են բացառապես կոլեկցիոն գործիքներով (Ստրադիվարիուս, Ամատի եւ այլն), որոնք տրամադրել է տնօրենը՝ Ուիլսոն Գոհը. «Նա ունի երաժշտական գործիքների հարուստ հավաքածու: Ի դեպ, կնոջս նվիրել է 19-րդ դարի գերմանացի անհայտ վարպետի հրաշալի ջութակ»: Հետաքրքրությանը՝ նվագացանկում կա՞ն հայ կոմպոզիտորների գործեր եւ ինչքանո՞վ են իրատեսական Սինգապուրի փոքր սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը Հայաստանում, դիրիժորն ասաց. «Առաջիկայում կնվագենք Բաբաջանյան եւ Խաչատրյան: Ինչ վերաբերում է երեւանյան համերգին, քանի որ նվագախմբի հյուրախաղային ժամանակացույցը կազմվում է նախապես երկու եւ ավելի տարի առաջ, այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել