Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉՈՒՆԵՆՔ ՏԻՐՈՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»

Ապրիլ 16,2010 00:00

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը՝ ժառանգության մասին:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Նաեւ հայտնել, որ 2010-ին օրը նշվում է «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրի ներքո:

Թեմայի շուրջ զրուցեցինք Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանի հետ: Նա ասաց, որ Հայկական լեռնաշխարհը համարվում է երկրագործական մշակույթի առաջացման օրրաններից մեկը: Ըստ հնէաբուսաբանական եւ հնագիտական տվյալների, Հայաստանը ցորենի, գարու, ձիթաբույսերի նախահայրենիքներից մեկն է: Այն նաեւ խաղողի նախահայրենիքն է: Խաղողի վերամշակման աշխարհի ամենահին կառույցը՝ հնձանը, գտնվել է Վայոց ձորի Արենի գյուղի մոտ (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջ- 4-րդ հազարամյակի առաջին կես):

Մեր զրուցակիցը ցավով փաստեց, որ վերջին 100 տարվա ընթացքում Հայկական լեռնաշխարհին բնորոշ մշակաբույսերը անցել են «պատմության գիրկը» եւ միայն նրանց անուններն են մնացել բառարաններում: Ինչ վերաբերում է խաղողին, Հոբոսյանի խոսքով, «Հաճելի է, որ գոնե խաղողի այգիների տարածքները գնալով մեծանում են, խաղողը կարծես մեր արյան, էության մեջ է: Իզուր չէ, որ հայկական զարդաքանդակներում խաղողի տերեւ եւ խաղողի ողկույզ կա»: Ազգագրագետն ասում է, որ մեր ժառանգության հանդեպ տիրոջ վերաբերմունք չունենք, դրա համար էլ՝ «վրացիները, թուրքերն ու ադրբեջանցիները բզկտում են մեզ…Պեղումներ են կատարում, իսկ մենք նույն տարածաշրջանում ենք, արդյունքերն էլ սեփականում են»:

Հույն զորավար Քսենոֆոնի վկայություններում (մ.թ.ա. 5-րդ դար) Հայաստանը վկայված է իբրեւ գարեջրի արտադրության ու օգտագործման վայր: Ս. Հոբոսյանն ասում է՝ հնագիտական պեղումներով գարեջրի արտադրամաս չի հայտնաբերվել, չնայած Կարմիր բլուր, Արտաշատ, Արմավիր եւ այլ հուշարձաններից գտնվել են գարեջուր պահելու եւ տեղափոխելու բազմաթիվ կավանոթներ. «Քսենոֆոնն էլ հաստատ սուտ չէր ասի»: Մեր զրուցակիցը հավաստում է, որ բազմաքանակ նյութեր կան հատկապես գինու արտադրության մասին, այդ ամենին գումարած Նոյի գեղեցիկ պատմությունը՝ Ակոռիում խաղողի որթ տնկելու մասին: Տարբեր հեղինակներ նշում են, թե Հայաստանում մինչեւ 600 տեսակի խաղող է աճել: Ըստ Ս. Հոբոսյանի՝ «Անգամ 100-ը շատ մեծ թիվ է: Նման բան կարող է լինել մի վայրում, որը խաղողի ծագման նախահայրենիքներից է»: Մասնագետն ասում է, որ Վանի թագավորության շրջանում ու դրանից առաջ գինեգործոթյունն ու խաղողագործությունը հասել են բարձրագույն մակարդակի: Օրինակ, Կարմիր բլուրում բացված մառաններում դասավորված կարասները ունեն 400 000 լիտր ընդհանուր տարողություն: Նման քանակության գինի ստանալու համար հարկավոր էր ունենալ առնվազն 300 հա այգի:

2009թ. Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը պեղումներ է կատարել Շնողի մոտակայքում, պեղվել են 3 բացառիկ հնձաններ (12-13-րդ դդ), որոնք աշխատել են այլ տեխնոլոգիայով: Իսկ ընդհանրապես հնձաններ շատ են պեղվել Գառնիում, Զվարթնոցում, Եղվարդում, Երեւանի տարածքում, Աշտարակում, Աշնակում եւ այլուր: Ս. Հոբոսյանը, վկայակոչելով զանազան աղբյուրներ, նշում է, որ Հայկական լեռնաշխարհում հացահատիկի վերամշակման հնագույն նյութական ապացույցը վերաբերում է մ.թ.ա. 8-րդ հազարամյակին: Հավելում է, թե 1910-11թթ. էլ Հայաստանում գործել է 3116 ջրաղաց, որոնք պետությանը հարկ են վճարել: Այսօր Հայաստանում կա ընդամենը 3-4 ջրաղաց, իհարկե՝ ոչ մեկն էլ չի աշխատում, եւ «ջրաղաց» բառը մնացել է միայն բառարաններում: Մասնագետը գտնում է, որ այդ հուշարձանների հանդեպ պետք է պետական հոգածություն ցուցաբերել, ափսոսում, որ ամեն մարզում գոնե մի ջրաղաց չի պահպանվել:

Համ ասում ենք՝ Հայկական լեռնաշխարհը երկրագործական մշակույթի օրրան է (ընդ որում, ըստ մեր զրուցակցի, դա ասում են օտարները), համ էլ ժամանակին ոչնչացրել ենք դրա անձնագիրը համարվող այն հողակտորը, որտեղ բացառիկ վայրի ցորեն էր աճում, որը հետագայում հիմք էր հանդիսացել մշակովի հացահատիկի տեսակների: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մերձավանի մոտակայքում գտնվող խաղողի բոլոր տեսակներով այգի-թանգարանը՝ հիմնված հայտնի Թայիրովի կողմից: Ս. Հոբոսյանի ասելով, վերջին տարիներին, մի գիշերում ողջը բուլդոզերով ավերել են, հողատարածքն էլ վաճառել. «Եթե սա է մեր մոտեցումը ժառանգությանը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը»: Նա մտահոգված է նաեւ Աշտարակի ձորում պահպանված, հուշարձան համարվող ջրաղացի ճակատագրով. «Այն մինչեւ վերջին տարիները աշխատում էր, հիմա՝ ոչ: Գլխին էլ ահավոր վտանգ է կախված. ջրաղացի տեղում հրաշալի ռեստորան եւ «բարդակ» կարելի է հիմնել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել