Իսլանդիայում հրաբխի ժայթքումն ու Ատլանտիկ օվկիանոսի վրա երկինք բարձրացած ծխի հսկա քուլաներն ու գոլորշին արգելափակել են Արեւելյան Եվրոպայի օդային տարածքը: Հինգշաբթի օրը տասնյակ երկրների օդակայաններում թռիչքները հետաձգվել են: Ռուսաստանում ավիացիոն ղեկավարությունը դեռեւս թռիչքները չի արգելել, բայց ոչ թռիչքային եղանակի պատճառով հետաձգվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Մուրմանսկ կատարելիք աշխատանքային այցը: Այդ մասին փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ավիաթռիչքների համար անբարենպաստ պայմանների պատճառով իրենց օդային ողջ տարածքը փակել են Մեծ Բրիտանիան, Դանիան եւ Նորվեգիան: Մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Ֆինլանդիան, Լատվիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Իռլանդիան, բավարարվել են թռիչքների սահմանափակման միջոցառումներ ձեռնարկելով: Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի աշխատակազմից հաղորդել են, որ հինգշաբթի օրը, Օսլոյի օդակայանի փակ լինելու պատճառով, երկրի կառավարության ղեկավարը չի կարողացել Մեքսիկա եւ ԱՄՆ կատարած այցերից հետո հայրենիք վերադառնալ եւ մնացել է Նյու Յորքում: