Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է հետաքննել մարտի 3-ին ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից ամերիկացի մի ուսանողի ծեծի ենթարկելու միջադեպը: Այն տեսագրվել էր սիրողական տեսակցիկով եւ տեղադրվել էր համացանցում՝ ինչը հասարակության շրջանում աննախադեպ մեծ արձագանք էր ստացել:
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 3-ին, Վաշինգտոնի մերձակա Պրինց Ջորջ կոմսության տարածքում բասկետբոլի երկու թիմերի միջեւ տեղի ունեցած խաղից հետո, այն ժամանակ, երբ ոստիկանները քաղաքի փողոցներում պարեկություն են իրականացրել՝ մտավախություն ունենալով, որ թիմերի երկրպագուների միջեւ կարող են բախումներ լինել: Տեսագրության մեջ երեւում է, որ ուսանող Մաքքենը մոտենում է ձիավոր ոստիկաններին: Հայտնի չէ, թե նրանք իրար ինչ են ասում, բայց հանկարծ Մաքքենին եւ ձիավոր ոստիկաններին վազելով մոտենում են մահակներով եւ վահաններով զինված երեք հատուկջոկատայիններ, գետնին են տապալում երիտասարդին եւ հարվածներ հասցնում նրան՝ նաեւ ձիու սմբակների միջոցով: Հետո կիսամեռ ուսանողին տեղավորում են ոստիկանական մեքենայի մեջ եւ տանում: Պարզվում է, որ իրենց զոհին հատուկջոկատայինները տարել են հիվանդանոց: Այստեղ պարզվել էր, որ նրա գանգն է բացվել եւ ստացած վնասվածքներին 8 կար էր դրվել, բայց ոստիկանները նրան հորդորել էին միջադեպի մասին չբողոքել, եթե նա ուզում է հիվանդանոցից տուն գնալ:
Տեղի ոստիկանության ղեկավարը աշխատանքից հեռացրել է արդեն ճանաչված մի հատուկջոկատայինի եւ ծառայողական հետաքննություն է սկսել: Նա վրդովմունք եւ հիասթափություն է հայտնել իր ենթակաների պահվածքի առնչությամբ՝ խոստանալով, որ բոլոր նրանք, ըստ ամենայնի, աշխատանքից կազատվեն: Բայց տուժող ուսանողի ծնողները դա բավարար չեն համարում եւ պահանջում են հանցագործ ոստիկաններին բանտարկության դատապարտել: