Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիադան մեկնարկեց

Ապրիլ 16,2010 00:00

Շնորհալիները կհայտնաբերվեն

Հանրակրթական դպրոցում կրթության որակի խթանման, դպրոցականների շրջանում գիտելիքի կարեւորության խրախուսման եւ լավագույն աշակերտների բացահայտման նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ, որոնց հանրապետական փուլն անցկացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-մայիս ամիսներին, տեղեկացնում է edu.am-ը: Օլիմպիադաների հանրապետական փուլը կազմակերպվում է 15 առարկայից (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայոց եկեղեցու պատմություն):

Երեկ Երեւանի թիվ 118 դպրոցում մեկնարկեց կենսաբանություն առարկայի հանրապետական փուլը: Մասնակցում էր 99 աշակերտ, որից 27-ը 8-9-րդ դասարանցի էր, 24-ը՝ 10-րդ, եւս 48-ը՝ 11-րդ դասարանցի: Մասնակիցներից 25-ը ներկայացնում էին Երեւանի դպրոցները, մնացածը մարզերի աշակերտներ էին: Այս տարի առաջին անգամ կենսաբանություն առարկայի օլիմպիադան ընթացավ երկու փուլով՝ գործնական եւ տեսական: Գործնական փուլի անցկացումը հնարավոր եղավ ՀՀ կառավարության կայացրած համապատասխան որոշման արդյունքում: ՀՀ-ն Կենսաբանության միջազգային օլիմպիադա կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից:

Անդամակցությունը հնարավորություն է տվել այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված Կենսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրի 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների՝ մեր մասնակիցները խնդիրներ են ունեցել օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր: Խնդիրը լուծելու նպատակով՝ ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2010թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձեւավորել կենսաբանություն առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա՝ հագեցած սարքավորումներով եւ փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել