Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություն եւ աժիոտաժ

Ապրիլ 16,2010 00:00

Բանավիճում են մասնագետները

\"\"
Դ. Գասպարյանը դեմ է օտարալեզու կրթությանը:

1993 թվականից «Լեզվի մասին» օրենքով ամրագրված է, որ ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն հայերենն է, բացառությամբ օտար լեզվի ուսուցման ժամերի: Այժմ ՀՀ ԿԳ նախարարությունը «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար դիմել է կառավարությանը, որպեսզի մասնավոր, մասամբ նաեւ պետական դպրոցները կարողանան լիցենզիա ստանալ եւ իրավունք ունենան իրականացնել օտար լեզվով ուսուցում: Փոփոխությունները դեռ քննարկման փուլում են: ԿԳ նախարարությունը գտնում է, որ այս փոփոխություններով ինտեգրման ճանապարհ ենք անցնում, փորձում կարգավորել սովորողների խնդիրները եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը: Հասարակության որոշ մասը բացասաբար է վերաբերվում այս փոփոխություններին:

Երեկ «Հայելի» ակումբում այս թեմայով բանավիճեցին գրականագետ Դավիթ Գասպարյանը եւ բանաստեղծ, դասախոս Վահե Արսենը: Դ. Գասպարյանը դեմ չէ, որ աշակերտները տիրապետեն 2 հիմնական լեզուներին՝ ռուսերենին եւ անգլերենին, բայց դեմ է օրենքի այս փոփոխությանը: Նա գտնում է, որ երեխաներին օտար երկրների համար չէ՛, որ պատրաստում ենք. «Յուրաքանչյուր ազգի հիմքն ազգային դպրոցն է, եւ այն ամուր կերպով պետք է պահպանենք, մեր օտարամոլությունը երբեմն մեզ պատեպատ է խփում: Պետք է կրթենք սերունդ, որը պատրաստ կլինի կյանքի մարտահրավերներին, առանց այն էլ էս ժողովուրդը կորած է, դպրոցում այս «աղանդավորությո՞ւնն» էլ մտցնենք… Էլ ի՞նչ եք ուզում դրանից հետո: Ասում եք՝ այսօր օտար լեզուներ չգիտենք, իսկ հայերեն գիտե՞նք: Ասում ենք ազգային դպրոց, բայց… հայոց լեզվի եւ գրականության ժամերը կրճատված են»:

Վահե Արսենին, ընդհակառակը, ուրախացնում է այն, որ լեզուներին սկսում են ուշադրություն դարձնել: Նա պարտադիր է համարում առանձին ուղղվածությամբ դպրոցներ ունենալը, բայց գտնում է, որ դա պետք է լինի միայն մասնավոր հատվածում, իսկ պետական բյուջեից ֆինանսավորվող դպրոցում կրթությունը պետք է լինի հայկական. «Չեմ կարծում, թե օտար լեզուն լավ իմանալով՝ հայերենը մոռացության ենք մատնելու: Մասնավորը իր բյուջեի հաշվին թող ունենա: Եթե ծնողը երեխային ուղարկում է լեզվի մեջ խորանալու, առաջինը՝ երեխան իր լեզուն պետք է իմանա, եւ հետո հնարավոր չէ հային վերցնել ձեւախեղել, դարձնել անգլիացի»:

Դ. Գասպարյանը սրան էլ է դեմ եւ կարծում է, որ ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական կոչվող դպրոցները պետք է առաջնորդվեն նույն ուղղվածությամբ եւ ծրագրով: Գրականագետի խոսքով՝ ակնհայտ է, որ հայ ժողովրդի աչքը դրսում է. «Ուզում են գնալ, կապիտալ դիզել, իսկ կապիտալ դիզելու ձեւերից մեկն էլ տվյալ երկրի լեզուն իմանալն է: Պետք է այնպես անել, որ քո ժողովուրդը իր երկրում լավ զգա, հպարտանա, ոչ թե արագ թողնի ու փախչի»: Արդյո՞ք մտավախություն չկա, որ շատ ծնողներ կսկսեն իրենց երեխաներին տանել մասնավոր դպրոցներ, այդպիսով նաեւ «քար գցել» պետականի «գլխին»: Բանախոսները գտնում են, որ՝ ոչ: «Մասնավոր դպրոցը թանկ հաճույք է, 90 տոկոսը գնալու է պետական դպրոց»,- ասաց Վ. Արսենը: Հարց հնչեց՝ կարելի՞ է 21-րդ դարում նման վախերով մոտենալ՝ եթե երեխան անգլերեն սովորեց, ամերիկամետ կդառնա: Բանաստեղծը արձագանքեց. «Վախերից ազատագրվել պետք է, բայց զգոնությունը կորցնել՝ երբեք: Այդ զգոնությունը կորցնելով՝ մենք ծովից ծով Հայաստանից վերածվեցինք մի փոքր տարածքի, եւ հիմա ներսում էլի իրար գզում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել