Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԽԱԽՏՈՒՄՈ՞Վ ԵՆ ԸՆՏՐԵԼ

Ապրիլ 16,2010 00:00

Թե՞ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի պայմանագրի չստորագրելը մարզպետի կամայականությունն է:

Մեր երկրում բոլոր ընտրությունները, որպես կանոն, կախված են լինում այս կամ այն անձի, կառույցի, «թայֆայի» կամայականություններից: Այս համակարգից անմասն չեն մնում նաեւ հանրակրթական դպրոցները: Ստացվում է՝ գործնականորեն ՀՀ-ում հնարավոր է տվյալ անձն ընտրվի դպրոցի տնօրեն, բայց այդպես էլ չդառնա կրթօջախի ղեկավար: Օրինակ՝ Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի դեպքը. ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: «Հանրակրթության մասին»՝ օգոստոսի 15-ին հաստատված օրենքով դպրոցի կառավարման հարցը դրված է կառավարման խորհրդի վրա, այսինքն՝ ընտրված տնօրենի հետ պայմանագիր են կնքելու ոչ թե մարզային իշխանությունները, այլ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը: Սակայն օրենքի այս դրույթից բխող համապատասխան կարգը դեռ վերջնական տեսքի չի բերված, այդ պատճառով որոշ դպրոցների տնօրենների մրցույթներ կազմակերպվել են հին կարգի համաձայն:

Այդ շարքում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցը: Տնօրենի ընտրություն կազմակերպվել է 2009թ. դեկտեմբերի 1-ին, որի արդյունքում՝ 5 «կողմ» ձայնով, կրթօջախի տնօրեն է ընտրվել Մարիամ Պետրոսյանը: Եվ քանի որ տնօրենի ընտրությունը կազմակերպվել է հին կարգի համաձայն՝ ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ինչը նա դեռ չի արել:

Հարցն այնքան է ձգձգվել, որ Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը դիմել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Նա «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրել եւ հայտնաբերել է, որ տնօրենի ընտրությունը կազմակերպվել եւ անցկացվել է օրինական: Տիկին Բախշյանը փաստեց. «Դպրոցն արդեն ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ 6 ամիս, այնինչ դա չի թույլատրվում 3 ամսից ավելի: Դպրոցի գործունեությունը կազմալուծվում է մարզպետի ինչ-ինչ կամայականությունների պատճառով: Ստեղծված իրավիճակի պատասխանն ո՞վ պիտի տա: Ենթադրություններից մեկն այն է, որ ընտրված տնօրենը մարզպետի ուզած մարդը չէ, բայց ժամանակն է, որ բոլոր մարզպետներն իմանան, թե որոնք են իրենց պատասխանատվության շրջանակները, լիազորությունները: «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներով հանրակրթության բնագավառում մարզպետների իրավասությունը կրթության քաղաքականության իրականացման, ամենագլխավորը՝ դպրոցահասակ երեխաների հաշվառումն ու պարտուսի ապահովումն է: 2010-ի փետրվարի 10-ին բոլոր մարզպետներին դիմել եմ նամակով եւ խնդրել տրամադրել մարզում պարտուսից դուրս մնացած երեխաների թիվը եւ պատասխան եմ ստացել՝ 97 երեխա: Նամակով դիմել եմ նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով գրավոր տեղեկացնել, թե բանակում ժամկետային զինծառայողների քանի՞ տոկոսն է անգրագետ: Պատասխանել են, որ, ըստ մարզերի՝ ընդամենը 259 գրագիտություն չունեցող զինվոր կա: Արդյո՞ք համեմատելի են մարզպետների ներկայացրած թվերը: Պարտուսից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար մարզպետն իր աթոռով պիտի պատասխան տա, որովհետեւ պետությունը ֆինանսավորում է ՀՀ յուրաքանչյուր երեխայի սահմանադրական իրավունքը՝ անվճար հիմնական կրթությունը, իսկ տեղերում անբարեխիղճ պաշտոնյաների գործունեության պատճառով ոչ միայն փոշիանում են պետական միջոցները, այլեւ չի ապահովվում համատարած գրագիտությունը, եւ բանակում նրանց գրագիտությունը վերացնելու համար կրկին ներդրվում են ֆինանսներ»:

Նախկին կարգով տնօրեն ընտրված թեկնածուներին Ա. Բախշյանը խորհուրդ է տալիս. «Ծայրահեղ դեպքում հավաստագրվել եւ նոր կարգով մասնակցել ընտրությանը, որ ավելի ամուր հիմքերով ընտրվեն եւ, անկախ մարզպետի կամայականություններից, իրենց գործունեությամբ ապացուցեն՝ ինչ է նշանակում գրագետ ուսուցիչ եւ կրթության կազմակերպիչ լինելը»:

Կոտայքի մարզի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Ընտրությունը եղել է խախտումներով, համապատասխան հանձնաժողովն էլ ֆիքսել է, մարզպետի կողմից էլ պաշտոնապես պատասխան գրություն է ուղարկվել ԿԳ նախարարին»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խախտում է եղել: Պարոն Հունանյանը պատասխանեց. «Կարգի կետերը բանավոր կոնկրետ չեմ հիշում: Մեր մարզում 7-8 դպրոցի տնօրենի թափուր տեղ կա, բայց քանի որ նոր կարգը դեռ չի հաստատվել, մրցույթ չի հայտարարվում: Խորհուրդների ժամկետն էլ է լրացել: Ողջ հանրապետությունում այդ վիճակն է առաջացել նոր օրենքի ընդունումից հետո: Մյուս կողմից էլ, եթե մարդիկ ինչ-ինչ խնդիրներ ունեին, կարող էին դիմել նաեւ դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել