Լրահոս
Օրվա լրահոսը

30. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"
«Քրջի շուկան»՝ հանրապետական մարզադաշտ տանող ճանապարհին

\"\"
Բանաստեղծուհի Հասմիկ Ղազարյանը:

Չարենցի փողոցից Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ մտնելու հնարավորություն չունենալով, շրջապտույտ գործեցի, որ Վարդանանց փողոցից մտնեմ: Սակայն մարզադաշտ տանող ճանապարհը մեկ այլ կարգի շուկայի էր վերածվել: Հարյուրավոր կանայք ու տղամարդիկ, երիտասարդ, տարեց թե ծեր, գետնին են փռել հնամաշ շորեր, կոշիկներ, գործիքներ, տարբեր սարքերի մասեր, այն ամենը, ինչ կարող են գտնել իրենց տանը, կամ ինչ որ աղբանոց են նետում միջին կամ հարուստ խավի ընտանիքները: Ես մտածեցի, որ այս շուկան կարող է մի շարք այլ որոշիչների հետ միասին որպես երկրի առաջընթացի բարոմետր ծառայել: Ու հաշվի չառնել այն՝ ոչ մի իրավունք չունենք: Ես գիտեմ, որ այսպիսի շուկաներ կան քաղաքի տարբեր մասերում ու երեւի՝ բոլոր մարզերում: Քաղաքապետարանում հարցնում էին, թե ինչ կարգի աղքատ ընտանիքների եմ հանդիպում իմ ճանապարհորդության ընթացքում: Ես պիտի խորհուրդ տամ անպայման այս շուկան այցելեն: Իսկ սոցիոլոգները կարող են այստեղ էլ ուսումնասիրություններ կատարել, ու ավելի ցայտուն կերեւա երկրի աղքատության աստիճանը:

Կաս-կարմիր բլուզկա ու շալվար հագած մի կին հսկայական դեղին պարկը քարշ տալով կանչում էր.

– Սրբիչնե՜ր, հարյուր դրա՜մ, երկուհարյուր հիսուն դրա՜մ…

Հավաքարարները ջանադրորեն մաքրում էին ստադիոնի հրապարակը ծաղիկների մնացորդներից: Ամեն օր վաղ առավոտյան ժամը վեցից ինը հրապարակը ծաղկի մեծածախ առեւտրի շուկայի է վերածվում:

– Ստադիոնի տնօրենին որտե՞ղ կարող եմ տեսնել,- դռնապանին դիմեցի ես:

– Դեռ չի եկել:

Մազադաշտ մտա: Հին ստադիոնից միայն տուֆակերտ պատերն ու սյունաշարն է մնացել: Ինձ թվում է, որ այն ճարտարապետական առումով աշխարհի ամենագեղեցիկ ստադիոններից մեկն է: Աշխատողները խոսում էին ծածկի մետաղական կոնստրուկցիայի ծայրերին դրոշակներ ամրացնելու մասին:

– Դու չես բարձրանալու, քեզ արգելում եմ,- ասաց Հարությունը երիտասարդ բանվորին,- ընկնես՝ ո՞վ է պատասխան տալու:

– Հրշեջ մեքենա բերեք՝ ամեն ինչ կանեն,- ասացի ես:

Ոչ ոք ոչ մի ուշադրության չարժանացրեց իմ խոսքը: Սակայն ես չվիրավորվեցի:

Մարզադաշտի վազքուղիները գծված չեն: Ըստ երեւույթին, սպորտային ղեկավար այրերի հիմնական հոգսը ֆուտբոլն է մնում: Ընդհանրապես, ֆիզիկական կուլտուրան, որը հասարակության առողջության գլխավոր միջոցն է, մոռացության է մատնվել երկրում: Մարդկանց հոգսը պրոֆեսիոնալ սպորտի միջոցով փող աշխատելն է: Իսկ երկրի անվտանգության համար կարեւորը առաջին հերթին առողջ ու կենսունակ հասարակություն ունենալն է: Բայց պետական այրերի ուշադրության կենտրոնում սպորտային ցուցանիշներն են:

– Այսքան լավ խոտածածկով դաշտ ու ստադիոն ունեք, ինչո՞ւ է երկրում ֆուտբոլը թույլ մնում,- աշխատողներին դիմեցի ես,- հիշո՞ւմ եք, այս ստադիոնը ոչ ծածկ ուներ, ոչ էլ կարգին նստելատեղեր, բայց «Սպարտակի» ու «Արարատի» պես թիմեր ուներ:

– Մենք մասնագետ չենք,- պատասխանեցին ստադիոնի աշխատակիցները:

Ստադիոնի դարպասներից դուրս գալով՝ դիմեցի հին գործիքներ վաճառող տարեց մարդուն.

– Օրական ի՞նչ գումարի գործիք ես վաճառում:

– Եթե հինգ հարյուր դրամի վաճառեմ՝ հաջողված օր է ինձ համար,- ասաց նախկին խառատ Հայկ Սարգսյանը,- հացի փող, ուրիշ հոգս չունեմ:

– Այսօր մի բան վաճառե՞լ ես:

– Ո՞ւր է, թե վաճառեի… 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, կնոջս երկու անգամ վիահատել են, պարտքի տակ եմ ընկել, տղաս երեսունչորս տարեկան է, աշխատանք չունի, չեմ էլ կարողանում ամուսնացնել: 77 տարեկան եմ, էս ի՞նչ օրն ընկանք… Այս կինը շալվարը 200 դրամով է վաճառում: Վերավաճառողները գալիս են, սակարկում, հարյուրով գնում ու տանում…

Մի տղամարդ դիմեց Հայկին.

– Ձեւավոր պտուտակահան ունե՞ս:

– Հա, դա՛ չի, կողքինն է:

– Տանեմ մի բան բացեմ, բերեմ:

– Կարծեցի՝ գնորդ է, ոտքս էի ուզում գովել, թե՝ խերով է – ասացի ես:

– Չէ, հա, գնորդ…

Անձրեւ սկսեց տեղալ: Հայկը հավաքեց գետնին փռած իրերը:

– Հարյուր դրամ տվել՝ Զեյթունից ստադիոն եմ եկել, հարյուրն էլ կտամ՝ ետ կգնամ,- ասաց նա:

– Երկուհարյուր դրամի վնաս ես տվել ընտանիքիդ,- ասացի ես:

Դիմեցի Հայկի հարեւան մեծահասակ կնոջը, որը հին շորեր էր վաճառում:

– Մեկ ժամ է՝ հետեւում եմ, ոչինչ չես վաճառել:

– Գնորդ չկա, ո՞ւմ են պետք էս շորերը: Աղջիկներիս թողած շորերն ըն, իրանք Ռուսաստան ըն գնացել, ընդեղ էլ կարում չեն, վար ապրեն:

– Որտեղացի՞ եք:

– Ղարաբաղից: Միրբաշիրի շրջան:

– Բեգում Սարով գյուղի՞ց: Հարուստ գյուղ էր, արքայության մեջ էիք ապրում: Եղել եմ ձեր գյուղում:

– Է՜, ասիլ մի…

– Տիկին Մարգարիտա, տղաներդ, աղջիկներդ չե՞ն օգնում Ռուսաստանից:

– Զանգում են՝ ի՞նչ ես վաճառել, օգնի՛ր: Չեն կարողանում ապրել:

Կողքին փոքրամարմին ու նիհար ծերունի էր կանգնած:

– Քանի՞ տարեկան ես,- դիմեցի ես:

– Ութանասունիրեք:

– Որտեղի՞ց ես:

– Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից: Մարշալների գյուղն է:

– Զավակներ չունե՞ս, որ այստեղ ես եկել:

– Աղջիկս չի կարողանում օգնել, տղաս 52 տարեկանում մահացավ…

– Անունդ կասե՞ս:

– Հայկազ Մամաջանյան Շահենի: Հայրս Երկրորդ համաշխարհայինի ֆրոնտում է մնացել:

Վաճառող կինը՝ պպզած, սարքի ինչ- որ մաս էր ցույց տալիս գնորդին ու համոզում գնել այն: Մի մեծահասակ ու հաստամարմին մարդ, որը գլխին չորս կողմը քշկռած թաշկինակ էր հագել, ընդհուպ մոտեցել ու հետեւում էր սակարկությանը: Կինը գլուխը բարձրացրեց ու չոր դիմեց ծերունուն.

– Գնա՛ այստեղից:

– Նայում եմ:

– Մի՛ նայիր, չեմ թողնում:

Երիտասարդը վերցրեց սպորտային կոշիկները, սկսեց ամենայն ուշադրությամբ զննել ու տնտղել բոլոր կողմերից:

– Ի՞նչ արժե,- հարցրեց նա:

– Հինգհարյուր դրամ:

– Քսան հազարնոցից կարո՞ղ ես ստանալ:

– Չէ, որտեղի՞ց այդքան, դիսպետչերականում կարող ես մանրել,- պատասխանեց կինը:

Մի մարդ պարկերով բեռնած սայլակը հրելով կանչում էր.

– Մոմե՜ր, մոմե՜ր…, կարո՞ղ է մոմ ուզող լինի:

– Ի՞նչ արժե:

– Կիլոն երեքհարյուր դրամ…

– Չէ, թանկ է:

Կրկին փորձեցի ստադիոնում զրուցել որեւէ մեկի հետ: Բոլորն էլ պատասխանում էին, որ տնօրենից բացի՝ ոչ ոք իրավունք չունի զրուցել լրագրողի հետ:

«Դինամո» մարզադահլիճի մուտքի մոտ սլավոնական դեմքով մի մեծահասակ կին ժպտալով մոտեցավ ինձ:

– Բակուր, չե՞ս ճանաչում ինձ, բանաստեղծուհի Հասմիկ Ղազարյանն եմ, թոռս Ղարաբաղի թիմի կազմում Ստեփանակերտից եկել է մասնակցելու Հայաստանի սեղանի թենիսի առաջնությանը, ես էլ ուզում եմ լուսանկարել, համ էլ՝ քաղցրավենիք եմ առել տղայի համար: Նորքի զանգվածի հանրակացարանում եմ ապրում:

– Դու որդի ունեիր, չէ՞:

– Հա, ունեի, զոհվեց ռազմաճակատում, հետո նրա մի տարեկան որդին մահացավ: Ինքս մեկնեցի ռազմաճակատ: 1993- ին ԱԻՄ ավանում էի՝ Բերձոր չհասած, Հակառու գետի վրա: Ռմբակոծության ժամանակ վիրավորվեցի, ու ինձ համար վերջացավ պատերազմը:

– Ինչպե՞ս պատահեց:

– Շտաբում էի, չհասցրի ապաստարան իջնել, բեկորը թեւս բռնեց: Հադրութից Մարտակերտ այցելել եմ բոլոր զինվորների շիրիմներին, ծաղիկներ դրել, «Ցավի ծաղիկ» բանաստեղծությունների գիրքս բաժանել գրադարաններին:

– Ուրիշ ի՞նչ հարազատ ունես:

– Աղջիկս: Նա երկրորդ անգամ աղջիկ բերեց, ու գավառցի ամուսինը բաժանվեց նրանից, ասելով, թե ինքը աղջիկ բերող կին չի ուզում:

– Հանրակացարանո՞ւմ ես գրում բանաստեղծություններդ:

– Հա, արդեն 15 գիրք եմ տպագրել:

Քիչ անց երկու «Իկարուս» ավտոբուս կանգնեցին մարզասրահի դիմաց, ու Քանաքեռի 85- րդ դպրոցի աշակերտ- աշակերտուհիների աշխույժով լցվեց մարզասրահը, որոնք միանգամից էլ սկսեցին բուռն արձագանքել թենիսի սեղանի շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Մրցում էին զուգախաղերի մասնակիցները: Չգիտեմ, թե արցախցի բանաստեղծուհու թոռնիկը ի՞նչ տեղ գրավեց, սակայն ինձ հետաքրքրում էր, թե այս պատանի թենիսիստները կարո՞ղ են դիմադրություն ցույց տալ չինացի աշխարհահռչակ թենիսիստներին: Բայց, դիտելով երրորդ տեղի համար պայքարը, մի բան ինձ պարզ դարձավ, որ սեղանի թենիսը հանրապետությունում ավելի բարձր մակարդակի վրա է, քան ֆուտբոլը: Իհարկե, ֆուտբոլի առաջընթացը ավելի լուրջ ներդրումների ու կազմակերպչական ունակություններ ունեցող մասնագետների կարիք ունի: Աղքատ, մի կերպ ծայրը ծայրին հասցնող ու կոռուպցիոն համակարգի տակ ճգնող երկրում անհնար է ուժեղ ֆուտբոլ ունենալ: Իհարկե, երկրի, հասարակության գերնպատակը ամենեւին էլ զարգացած ֆուտբոլ ունենալը չէ, սակայն առանց մշակույթի հետ հասարակության կապի՝ անհնար է երկրի կտրուկ զարգացման նախապայմաններ ձեռք բերել:

Կրկին փորձեցի զրուցակից գտնել ստադիոնում, մանավանդ որ, երկու հոգի շտապեցին դեպի Չարենցի փողոցի դարպասները: Պահակն ասաց, որ տնօրենն է ժամանում: Մի սեւ ավտոմեքենա սլացավ դեպի ստադիոնի հեռավոր անկյունը: Մեքենայից մի երիտասարդ դուրս եկավ ու ասաց, որ տնօրենն այստեղ չի:

Դժգոհ դիմեցի դռնապանին.

– Դու ասացիր, որ տնօրենն է եկել:

– Հա, ստադիոնի գործադիր տնօրենն է:

– Բայց նա պատասխանեց, որ տնօրենը այսօր չի գալու:

– Երեւի գլխավոր տնօրենին նկատի ունի,- բացատրեց ստադիոնի աշխատակիցը,- նա ֆուտբոլի ֆեդերացիայում է մնացել, այսօր չի գալու: Մի ուրիշ անգամ եկեք, գուցե եւ տեղում բռնացնես:

Անձրեւը դադարել էր, ու «Քրջերի շուկան» կրկին լցվել էր աշխույժով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել