Ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում, Աբովյանում եւս վերջին տարիներին նկատվում է ամուսնությունների եւ երեխաների ծնունդների աճ: Աբովյան, Բյուրեղավան քաղաքներն ու մերձակա 33 գյուղերը սպասարկող ՔԿԱԳ Աբովյանի տարածքային բաժնի պետ Վանինե Հովսեփյանի հավաստիացմամբ, ամուսնությունների աճը պայմանավորված է ոչ միայն երիտասարդ ընտանիքների ստեղծմամբ, այլեւ ամուսնությունների օրինական գրանցումով (ի տարբերություն նախկինում տարածված «քաղաքացիական» ամուսնությունների, երբ զույգերն իրենց միությունը դիտավորյալ չէին վավերացնում՝ զանազան արտոնություններից ու օգնություններից օգտվելու նպատակով): 2009 թվականին կնքվել է 753 ամուսնություն:
Սրան զուգահեռ, ամուսնալուծությունները ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազման միտում ունեն: Այսպես, 100 ամուսնությանը բաժին է ընկնում մոտ 10 ամուսնալուծություն: Ընդ որում, նորածինների թվաքանակի աճ է գրանցվում ոչ թե առաջնածինների, այլ ընտանիքի երկրորդ եւ հատկապես երրորդ երեխայի լույս աշխարհ գալու հաշվին: Եթե 2008 թվականին Աբովյանի տարածաշրջանում ծնվել է 1606 երեխա, ապա 2009-ին՝ 1724: