Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը համակարգիչ խոստացավ

Ապրիլ 16,2010 00:00

Սկսած 2001 թվականից, ամեն տարի, ապրիլի 12-ին՝ խորհրդային տարիների տիեզերագնացության օրը, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցում կազմակերպվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի դպրոցականների տարածաշրջանային առաջնություն: Նախաձեռնությունը «Նիկա» ինտելեկտուալ կրթության ակումբինն է, նախագահ՝ Արմեն Ամիրաղյան: Ուրախալի է, որ տարեցտարի աճում է խաղի մասնակից թիմերի թիվը: Այս տարի 9-րդ փառատոնին մասնակցում էր 20 թիմ: Երկու փուլով հնչեց 34 հարց, լավագույնը ճանաչվեց Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի թիմը: Տարվա հայտնությունը Վրաստանին սահմանակից Պտղավանի դպրոցի թիմն էր, որն ընդամենը 1 միավորով ետ մնաց հաղթողից:

Փառատոնի հաղթող եւ մասնակից թիմերին Նոյեմբերյանի քաղաքապետարանի, քաղաքի հ/կ-ների, գործարարների կողմից բազմաթիվ հուշանվերներ տրվեցին: Վերջում հաղթող թիմը մրցեց խաղի կազմակերպչի հետ եւ հաղթեց 6:5 հաշվով: Այդ ժամանակ էլ որոշվեց փառատոնի լավագույն խաղացողը` Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի աշակերտ Սմբատ Ամիրաղյանը, ում Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը ժամացույց նվիրեց: Քաղաքապետը խոստացավ նաեւ Նոյեմբերյանի «Ծիր Կաթին» աշակերտական ինտելեկտուալ ակումբին համակարգիչ նվիրել: Ամիրաղյանը շատ տարածված ազգանուն եւ մեծ «ազգ» է Նոյեմբերյանում: Վերջին 15 տարում Նոյեմբերյանի քաղաքապետ՝ տարբեր Ամիրաղյաններ են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել