Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը, ավտոմեքենան, բուժամբուլատորիան

Ապրիլ 16,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ դեռեւս 2009 թվականի ամռանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) hայաստանյան գրասենյակը մարզի Գեղամասար գյուղի բուժամբուլատորիային է հանձնել շտապօգնության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այս ամբուլատորիան սպասարկում է ոչ միայն Գեղամասարի բնակչությանը, այլ նաեւ փախստականներով բնակեցված 7 համայնքների: Քանի որ այն ժամանակ Գեղամասարի բուժամբուլատորիան իրավաբանական անձի կարգավիճակ չի ունեցել, ՄԱԲՀ-ում որոշել են ավտոմեքենան սեփականության իրավունքով հանձնել Գեղամասարի գյուղապետարանին՝ այն հետագայում բուժամբուլատորիային փոխանցելու պայմանով: 2009-ի դեկտեմբերից Գեղամասարի բուժամբուլատորիան ձեռք է բերել իրավաբանական անձի կարգավիճակ, սակայն գյուղապետ Գարեգին Բեգյանը հրաժարվում է մեքենան հանձնել բուժամբուլատորիային: Ավելին, նա մեքենայի Կարմիր խաչի նշանի կողքին ավելացրել է «Գեղամասարի գյուղապետարան» բառերը եւ շարունակում է մեքենան օգտագործել իր անձնական նպատակների համար: Գեղարքունիքի մարզպետի միջամտությունն անգամ գործին չի օգնում, գյուղապետը պնդում է, որ մեքենան կհանձնի միայն այն դեպքում, երբ դա կպահանջի այն տրամադրող կազմակերպությունը՝ ՄԱԲՀ-ն: Այս օրերին, սակայն, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանը ԱՄՆ-ում է: Լուրը հասել է նրան: Նա ասել է, որ կվերադառնա հուլիսին եւ խոստացել, որ մեքենան կհանձնի իր օրինական տիրոջը՝ բուժամբուլատորիային:

Ի դեպ, Գեղարքունիքում աճել է ծնունդների թիվը: Այս տարվա մարտին մարզում ծնվել է 201 երեխա, 50-ով ավելի, քան անցած տարվա մարտին: 77 երեխա՝ Մարտունիի, 48 երեխա՝ Սեւանի, 41 երեխա՝ Գավառի, 29 երեխա՝ Վարդենիսի եւ 6 երեխա՝ Ճամբարակի տարածաշրջանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել