Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Սյունիքի կենսաբազմազանության

Ապրիլ 16,2010 00:00

Ուրանի շահագործումը դեռ թղթի վրա է ու վտանգավոր չի՞ լինելու

Երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթի մասնակցությամբ բացվեց Սյունիքում գտնվող «Շիկահող» պետական արգելոցի վարչական շենքը: Արգելոցի պահպանման, զարգացման եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար նորոգվել է վարչական շենքը եւ այժմ գիշերելու, պահպանման միջոցառումները տեղում համակարգելու, գիտագործնական աշխատանքներ կազմակերպելու հնարավորություններ կան: 2010-ը կենսաբազմազանության տարի է հայտարարված եւ այդ շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը համատեղ իրականացնում են «Կենսաբազմազանության պահպանություն եւ համայնքային զարգացում. էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագրի նպատակների իրականացումը հարավային Հայաստանում» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին՝ դարձյալ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Արժեքը՝ մոտ մեկ միլիոն եվրո: Բացի վարչական շենքի նորոգումից, «Շիկահողի» աշխատակազմին տրամադրվել է համազգեստ, հանդերձանք, ամենագնաց ավտոմեքենա, համակարգիչ եւ հարակից սարքավորումներ, ապահովվել է ինտերնետ կապ:

1958 թվականից գործող «Շիկահողը» աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ: Այստեղ բնակվող շատ կենդանատեսակներ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ միջազգային «Կարմիր գրքում» են՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, կովկասյան գորշ արջ եւ այլն:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վստահ է, որ այսօրինակ ծրագիրը կխթանի եւ էլ ավելի կպարտավորեցնի, որ բնապահպանական աշխատանքները ավելի եռանդուն արվեն: Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթն էլ նկատեց, որ համատեղ ծրագրերը կարեւոր են, եւ Նորվեգիայի կառավարությունն էլ կշարունակի աջակցել այսօրինակ ծրագրերին: Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն ասաց, որ արգելոցի պահպանման հարցում համայնքի դերը պակաս կարեւոր չէ, ուստի իրենք եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը Շիկահող գյուղի դպրոցում էկոկրթությունը զարգացնելու եւ խթանելու համար դասասենյակ են կահավորել, ուր արդեն կա հեռուստացույց, երեկվանից՝ նաեւ համակարգիչ: Նախատեսվում է էկոդասասենյակին տրամադրել էկոկրթության ծրագրեր:

Բնապահպանության ոլորտում վերահսկողությունն ավելի ուժեղացնելու եւ արդյունավետ դարձնելու համար՝ «Կրիտիկական վիճակում գտնվող էկոհամակարգերի գործընկերության հիմնադրամը» Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնապահպանության պետական տեսչություններին է տրամադրել ամենագնացներ, թվային ֆոտոխցիկներ, այլ սարքավորումներ: Սյունիքի «Արեւիկ» ազգային պարկին տրամադրվել է երեք ավտոմեքենա, երկու ամենագնաց: Բացի սրանից, «Կենսաբազմազանության պահպանություն եւ համայնքային զարգացում. էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագրի նպատակների իրականցումը հարավային Հայաստանում» ծրագրով «Արեւիկը» ստացել է $150 000, իսկ «Զանգեզուր» արգելավայրը նույն ծրագրով ստացել է $170 000: Ըստ «Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի, «Զանգեզուրի» տարածքը պահուստային հողեր էին՝ որսագողության համար իդեալական վայր: Այժմ շուրջօրյա վերահսկողությունը թույլ կտա վերականգնել կենդանական եւ բուսական աշխարհը:

Խոսելով Սյունիքում ուրանի հնարավոր շահագործման մասին՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ խնդիրը դեռ քննարկման փուլում է: «Այժմ գործընթացը փաստաթղթային փուլում է եւ առաջին հերթին պետք է ընթանան պաշարների ուսումնասիրության աշխատանքներ: Ուսումնասիրում ենք նախկինում արված աշխատանքների արխիվները, որից հետո հետագա անելիքների մասին որոշում կկայացվի: Ինչպես գիտեք, ուրանը վտանգ է ներկայացնում հարստացման ժամանակ, այսօր այդ խնդիրների քննարկման ժամանակը չէ»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել