Մարտի 4-ին տեղեկացրինք, որ մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում մեր ազգային բանակի ստորաբաժանումները սպանել են պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից մեկին: Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ գողացել Մեսրոպ Մանթաշյանի (նկարում) 4 խոշոր եղջերավոր անասունը: Հետո պարզվեց, որ մեր զինվորները երկու անասնագողի էին ոչնչացրել: Դիակները հանձնվեցին ադրբեջանական կողմին եւ ազերիները սպանվածներին հուղարկավորեցին հայրենի Մազամ գյուղում, որը Ջողազի ջրամբարի կողքին է, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի դեմ-հանդիման:
Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ադրբեջանական հեռուստատեսությամբ տեսնելով սպանված ազերիների լուսանկարները, ճանաչել են «համրին»: Պարզվում է, ազերին իրեն համրի տեղ դնելով՝ շրջել էր Նոյեմբերյան քաղաքում եւ գյուղերում՝ վաճառել ուլունքներ եւ զանազան մանր-մունր բաներ: Գյուղերից մեկում, երբ նրան ոգելից խմիչք էին հյուրասիրել, «համրը» սկսել էր խոսել, նաեւ ադրբեջաներեն բառեր արտասանել, սակայն գյուղացիները դրան լուրջ նշանակություն չէին տվել: Եվ շատ իզուր: Ադրբեջանցի ելուզակը, փաստորեն, չարչի ձեւանալով՝ շրջել է սահմանամերձ գյուղերում, ուսումնասիրել այդ գյուղերի գոմերը, դրանցում անասունների քանակը եւ գողության հնարավոր ճանապարհները: Պատերազմը չի ավարտվել, ընդամենը հրադադար է, եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները պիտի ավելի զգոն լինեն: