Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջնորդությունները մերժվում են

Ապրիլ 16,2010 00:00

Դասախոսների «գործը» շարունակվում է

Վանաձորում դեռ շարունակվում է «Դասախոսների գործով» դատավարությունը: Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդ. Մխիթարյանն ու դասախոս Ժոզեֆ Կարայանը դեռ կալանավորված են:

Քանի որ նախորդ դատավարության ժամանակ դատարանը մերժել էր կալանավորված դասախոս Ժ. Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, կամ դրա այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, պաշտպանը հայտարարել էր, որ մտադիր է ինքնաբացարկ ներկայացնել դատարանին:

Այս անգամ, սակայն, պաշտպան Ռ. Հակոբյանը կասկած հայտնեց, որ դատարանը չի բավարարի ինքնաբացարկի միջնորդությունը, ուստի իրենք միայն իրենց ներկայությունը կապահովեն: Ռ. Հակոբյանը հավելեց, որ մինչ դատաքննության ավարտն ինքը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնի՝ այդ կերպ արտահայտելով բողոքը դատարանի անգործության նկատմամբ:

Այս անգամ դատարանը մերժեց նաեւ Էդ. Մխիթարյանի պաշտպան Ա. Ոսկանյանի՝ քննիչին որպես վկա դատարան հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը՝ այն հետաձգելով մինչեւ նախաքննության ավարտման փուլ:

Ըստ պաշտպանի՝ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Կ. Խանումյանը գործի նախաքննության ընթացքում խախտումներ է թույլ տվել, քննության կողմից ձեռք բերված ապացույցները յուրովի է մեկնաբանել: Պաշտպան Ոսկանյանը մոտ 40 րոպե դատարանին էր ներկայացնում քննիչի կողմից թույլ տված սխալները:

Ըստ նրա՝ քննիչին հարցաքննելը ինչ-որ կերպ կօգներ գործի արդարացի քննությանը: Պաշտպան Ոսկանյանն ասաց, որ մինչ օրս չկա կաշառքի առարկան, նախաքննական մարմինը դասախոս Արաբյանի բնակարանում խուզարկություն չի կատարել. «Չի բացառվում, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվեին այն թղթադրամները, որոնք ուսանողները որպես կաշառք են փոխանցել»:

Պաշտպանը կասկած է հայտնում, որ Արաբյանը ուսանողներին ընդամենը խաբել է, լուրեր է տարածել, որ ամբիոնի վարիչը գումար է պահանջում՝ կուրսային աշխատանքները գնահատելու համար, եւ հենց ինքն էլ տիրացել է այդ գումարներին:

Ա. Ոսկանյանը դատարանին միջնորդեց նաեւ, որ վերջինս հաղորդում ներկայացնի գլխավոր դատախազին քրեական գործ հարուցել եւ քրեական պատասխանատվության ենթարկել ուսանողներ Ս. Գեւորգյանին, Խ. Աղոյանին՝ նրանց մեղադրելով կաշառքի օժանդակության, իսկ դասախոս Հ. Արաբյանին՝ մեղադրելով կաշառքի շորթման մեջ: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ պարզաբանելով, որ այն հիմնավոր չէ:

Հիշեցնենք, համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը՝ դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ աշխատանքները դրական գնահատելու համար: Ընդհանուր առմամբ կաշառքի չափը կազմում է 225.000 դրամ: Սկզբում կաշառքի մեջ մեղադրվող դասախոսները 4-ն էին:

Դասախոսներ Հովհաննես Արաբյանն ու Միսաք Յախշիբեկյանը հայտարարել են, թե իրենց իսկ առարկայից կուրսային նախագծերի աշխատանքները գնահատելու համար ուսանողներից գումար են պահանջել՝ ամբիոնի վարիչի ցուցումով ու այդ գումարները փոխանցել նրան: Դատարանը, հաշվի առնելով, որ դասախոս Յախշիբեկյանն ընդունել է իր մեղքը, կալանքը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ չի կիրառել: Իսկ մյուս մեղադրյալին՝ դասախոս Արաբյանին, դատարանը համաներմամբ ազատ է արձակել՝ հիմք ընդունելով նրա ինքնախոստովանական ցուցմունքը:

Դասախոս Ժոզեֆ Կարայանն էլ մինչ օրս կալանավորված է մեկ վկայի՝ ուսանող Հունան Քոչարյանի ցուցմունքի հիման վրա:

Ստացվում է, որ ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանն ու կալանավորված մյուս դասախոս Ժոզեֆ Կարայանը մեղադրվում են ուսանողների ու մնացած 2՝ ազատության մեջ գտնվող դասախոսների ցուցմունքների հիման վրա:

Հիշեցնենք, որ կաշառք տված ուսանողները պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ ահա ամբիոնի վարիչին սպառնում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կալանավորված մյուս դասախոս Ժ. Կարայանին սպառնում է տուգանքից մինչեւ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իր մեղքն ընդունած դասախոս Մ. Յախշիբեկյանին էլ սպառնում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել