Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԽԱԲԱՐ ՉԿԱ»՝ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԴԵՂ ՉԿԱ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հեքմեջյանի, Ժիրայր Խաչատրյանի, Հակոբ Աբելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ժ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Երեկ նա դատարան բերվեց դատական կարգադրիչների օգնությամբ, քանի որ ոտքի տրոմբ ուներ եւ քայլել չէր կարող: Դատարում նա ասաց, որ տառապում է հեպատիտ C-ով եւ բուժումներ է ստացել «Արմենիկումում»: Ի դեպ, նա, որը աշխատել է վարորդ, մեղադրվում էր թմրանյութ ձեռք բերելու, օգտագործելու համար՝ իրեն լիովին մեղավոր ճանաչեց: Մյուս երկու մեղադրյալները, որոնք մեղադրվում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման համար՝ իրենց մեղավոր չճանաչեցին:

Երեկ ցուցմունք տվեց Ժ. Խաչատրյանը: Նախ նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը, ասելով, որ չի ցանկանում դատարանում ցուցմունք տալ, ապա պատասխանեց հարցաքննությանը:

Նա հայտնեց, որ անցյալ տարի ապրիլ-հունիսին Աբելյանից է ձեռք բերել սուբոտեքս տեսակի թմրամիջոցը: Դեղահաբի մեկ քառորդը նա գնել է 10000 դրամով՝ 10-15 անգամ: «Ծակվել» է մենակ, մեքենայի մեջ: Թե ներարկիչը ո՞ր դեղատնից է ձեռք բերել, չկամեցավ պատասխանել: Նա նաեւ ցուցմունք էր տվել, որ Աբելյանից երբ «խաբար է եղել», իմացել է, որ «դեղ կա» Նա դատարանում հայտնեց, որ թմրամիջոց առաջին անգամ օգտագործել է 14 տարեկանից, այն սովորել է ուկրաինացի մի աղջնակից: Նրա հավատացմամբ՝ 1 տարի է, ինչ չի օգտագործում, քանի որ առողջությունը թույլ չի տալիս. «Համ էլ սուբոտեքսից լոմկայի մեջ չեմ հայտնվում»:

Այս ամբաստանյալը Սարգիս Հեքմեջյանին ընդհանրապես չի ճանաչել:

Ի դեպ, վերջինս Ֆրանսիայում ունի ժամանակավոր բնակության իրավունք: Ամբաստանյալ Աբելյանի բարեկամն է: Հեքմեջյանն ունի կոկորդի քաղցկեղ եւ Ֆրանսիայի առողջապահության նախարարության գրավոր թույլտվությամբ ստացել եւ օգտագործել է սուբոտեքս դեղահաբը, մտքով անգամ չի անցել, որ ֆրանսիական դեղահաբը հայրենիքում թմրադեղ կամ թմրամիջոց կորակվի: Երբ անցյալ տարի նա եկել է Հայաստան, նրան նշանակել էին 28 դեղահաբ: Այդ 28 դեղահաբերը երեք սահմաններում գրանցվել են եւ որեւէ խնդիր չի առաջացել: Այսինքն, այն մաքսանենգ ապրանք չէր, ապօրինի ճանապարհով փոխանցված չէր: Սակայն «օպերատիվ» միջոցառումների շնորհիվ Հեքմեջյանից առգրավում են 25 դեղահաբը, որը նա Հայաստանում ամեն օր պետք է ընդուներ: Ըստ նախաքննության մարմնի, Հեքմեջյանի միջոցով է Աբելյանը ձեռք բերել սուբոտեքսը, իսկ վերջինս էլ վաճառել է…

Երեկ ցուցմունք տալուց հրաժարվեց Հակոբ Աբելյանը: Նրա պաշտպանն էլ Հանրային պաշտպանի գրասենյակից էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել