Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրում են էժանն ու սինթետիկը

Ապրիլ 16,2010 00:00

Այսօր դեռեւս շատ հայ ընտանիքներում, հատկապես՝ եթե տանը մեծահասակներ կան, նորածին երեխաներին բարուրում են: Ընդ որում, երբեմն բարուրաշորերն այնպես են ձգում ու կապում, որ թվում է՝ երեխան ուր-որ է շնչահեղձ կլինի: Հնում դա անում էին բոլորը՝ վստահ լինելով, որ երեխան այդպես ավելի ձիգ կլինի, եւ հետո այդպես «քարի կտոր» դարձած մանկանն անփորձ մայրիկի համար ավելի հեշտ է գրկելը:

Վերջին տարիներին խանձարուրները կարծես թե մոռացվել են, եւ ծնողները նախընտրում են երեխային ազատ ու նորաձեւ հագցնել՝ ծնված օրից: Ո՞րն է ավելի ճիշտ՝ բարուրաշո՞րը, թե՞ ազատ հագուստները. պարզելու համար մենք զրուցեցինք մանկաբույժի հետ: Հիշենք, որ հոգեբան Ֆրեյդի խոսքերով՝ մարդն իր կյանքի ամենամեծ սթրեսն ապրում է ծնվելիս: Եթե այդ ծանր վիճակում նրա վրա կապանքներ են դնում, սեղմում, բարուրում ու թույլ չեն տալիս շարժվել՝ երեխային ավելի վատ վիճակի մեջ են գցում:

Ընդհանրապես երեխաների՝ հատկապես նորածինների համար հագուստ ընտրելն այնքան էլ հեշտ չէ, կան բազմաթիվ նրբություններ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Ամենակարեւորն այն է, որ երեխայի հագուստը չխանգարի նրան շարժվել:

Մանկաբույժ Անահիտ Գյուլնազյանի խոսքերով՝ պետք է ընտրել փափուկ գործվածքից կարված հագուստ, եւ որքան հնարավոր է բացառել ջինսերն ու նմանատիպ կոշտ գործվածքները, շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչպես պետք է հագցնել եւ թե ինչ աքսեսուարներ կան հագուստի վրա. «Ցանկալի է, որ երեխային հագցնեն երկու շապիկ, հետո միայն արտահագուստը, պետք է աշխատել այնպես անել, որ հագուստի կարերը դրսի կողմից լինեն: Իսկ տակդիրները բնական գործվածքից պետք է լինեն»: Մանկաբույժը գտնում է, որ ցանկացած պարագայում լավ կլինի խուսափել երեխային կոճակներով հագուստ հագցնելուց, դրանք շուտ են պոկվում եւ հնարավոր է, որ երեխան ինքը պոկի դրանք եւ կուլ տա, ամեն դեպքում ավելի հարմար են կոճգամներով արտահագուստները: Շատ դեպքերում հայ մայրիկները չարաշահում են տաք հագուստները՝ երբեմն անտեղի երեխային ծանրաբեռնելով բրդյա շորերով ու գլխարկներով: Մանկական գլխարկների պարագայում պետք է խուսափել այնպիսիներից, որոնք գերտաքացնում են, մանավանդ ամառները ավելի լավ է գլխարկ ընդհանրապես չդնել կամ դնել միայն լողացնելուց հետո: Չպետք է մոռանալ, որ ազատ շարժվող երեխան շուտ է կոփվում, եւ եթե դրսում տաք է, պետք է թույլ տալ երեխաներին խաղալ թեթեւ շապիկներով կամ ոտաբոբիկ:

Մենք զրուցեցինք նաեւ մայրաքաղաքի մանկական հագուստի վաճառակետերի աշխատակիցների հետ: Նրանցից մեկի՝ Ռուզաննա Հայրապետյանի խոսքերով՝ ծնողներն այնքան էլ բծախնդիր չեն երեխաներին հագուստ ընտրելու հարցում. «Նրանք հիմնականում ուշադրություն են դարձնում հագուստի գույնին, ձեւին, մեկ-մեկ էլ հարցնում են՝ բամբա՞կ է, թե՞ չէ: Մնացած դեպքերում կարեւորում են գինը՝ ավելի հաճախ նախընտրելով գնել էժան, սինթետիկ հագուստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել