Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԻՑ ԿՎԱԽԵՆԱՆ ՓՈՂ ՈՒԶԵԼ

Ապրիլ 16,2010 00:00

Բուժհաստատությունները պետք է ամեն ինչ անեն, որ չզրկվեն պետպատվերի համար հատկացվող գումարներից

Յուրաքանչյուր տարի Պետական առողջապահության գրասենյակի (ՊԱԳ) եւ հանրապետության 450 բուժհաստատությունների միջեւ կնքվում է պետպատվերով հիվանդներին սպասարկելու մասին պայմանագիր, ըստ որի՝ բուժհաստատությունները պարտավորվում են որոշակի թվով հիվանդների պետության հաշվին բժշկական ծառայություններ մատուցել: Հայտնի է, որ շատ բուժհաստատություններում պետպատվերով բուժվող հիվանդներին նորմալ չեն սպասարկում, հաճախ հիվանդից հավելյալ գումար են պահանջում՝ չնայած արդեն ֆինանսավորվել են բյուջեից: Նման խախտումների եւ թերացումների հայտնաբերման դեպքում ՊԱԳ-ը անկարգապահ բուժհաստատությանը պետբյուջեից տրվող գումարը նվազեցնում է կամ՝ հետ գանձում: Միայն անցյալ տարվա ընթացքում 114 միլիոն դրամի թերություններ են գրանցվել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց ՊԱԳ-ի պետ Արա Տեր-Գրիգորյանը, այդ գումարն ընդհանուր հաշվի մեջ մեծ թիվ չի կազմում, քանի որ առողջապահության ոլորտին հատկացվող ամենամյա գումարը մոտ 40 մլրդ դրամ է: Երբ խնդրեցինք նշել, թե կոնկրետ որ բուժհաստատություններն են ավելի շատ խախտումներ անում՝ նա պատասխանեց. «Դժվարանում եմ ասել: Քանի որ արդեն 10 տարի է՝ աշխատում ենք այս ոլորտում եւ անընդհատ վերահսկում ենք, պետք է, որ թերություններն արդեն վերանային, սակայն լինում են այնպիսի թերացումներ, որոնք 6-7 տարի առաջ էին արվում, երբ խորանում ենք, տեղեկանում ենք, որ բուժհաստատությունում նոր աշխատող են ընդունել, որը լավ տեղեկացված չէ, բայց դա մեզ համար ընդունելի պատճառաբանություն չէ, եւ մենք գրավոր զգուշացումներ ենք անում այդ բուժհաստատություններին։ Լինում է, որ կատարողականի թերթիկում երկրորդային հիվանդությունը դիտմամբ նշում են որպես առաջնային, որը պետպատվերի շրջանակներում պետք է բուժվի եւ սկսում բուժել առաջնային հիվանդությունը։ Այս դեպքերն էլ ենք հեշտությամբ հայտնաբերում։ Նայում ենք կատարողական թերթիկը, որտեղից արդեն երեւում է, որ հիվանդության ախտորոշման եւ բուժման անհամապատասխանություն կա։ Նման բաներ հիմա էլ են լինում, բայց աստիճանաբար՝ ավելի քիչ: Ե՛վ մարզերում, ե՛ւ Երեւանում թույլատրված թերությունները հավասարաչափ են»։

Շատ ծննդատներում, երբ հղիները գնում են ծննդաբերության, բուժհաստատությունը նրանց նախ առաջարկում է վճարովի «լյուքս» պալատներ, որպեսզի գումար աշխատի, երբ հղիները հրաժարվում են, նոր միայն նրանց տեղավորում են սովորական պալատում՝ դարձյալ պալատի համար գումար վերցնելով: Պետպատվերով բուժվող շատ հիվանդներ վստահեցնում են, որ հիվանդանոցում իրենց ստիպում են որոշակի վճարումներ անել: Այս առնչությամբ պարոն Տեր- Գրիգորյանը պատասխանեց. «Մենք զգուշացնում ենք բուժհաստատություններին, որ հենց հիվանդը մտնում է՝ միանգամից նման առաջարկներ չանեն։ Իսկ եթե, միեւնույն է, առաջարկում են, հիվանդը կարող է մերժել, քանի որ այդ դեպքում, եթե չկա սովորական պալատ, բուժհաստատությունը պարտավոր է «լյուքս» պալատներն էլ անվճար տրամադրել։ Ինչ վերաբերում է հիվանդներից գումարներ գանձելուն, ապա ասեմ, որ մենք լսել ենք նման դեպքեր, մի քանի անգամ լուրջ միջոցառումներ ենք ցանկացել կիրառել, անգամ հիվանդանոցներին պետպատվերից զրկելուն է գործը հասել: Եթե նույն հաստատությունը 2-3 անգամ նման բաներ անի՝ 100%-ով կզրկվի պետպատվերից։ Նման դեպք եղավ հենց «Շենգավիթ բժշկական կենտրոնի» հետ կապված, մենք նրանց խիստ նկատողություն տվեցինք, եւ ժամանակ տրվեց թերությունները վերացնելու համար: Արդեն մեր եւ բուժհաստատությունների միջեւ կնքվող պայմանագրերում հատուկ կետ ենք մտցրել, ըստ որի՝ այս տարվանից եռամսյակը մեկ ուսումնասիրվելու է ծննդատների գործունեությունը եւ որոշում է կայացվելու՝ շարունակե՞լ պետպատվերի տրամադրումը, թե՞ ոչ։ Բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները գիտեն, որ մենք կգնանք այդ քայլին եւ կզրկենք նրանց պետպատվերից, իսկ դա նրանց ձեռնտու չէ։ Ես էլ հակված չեմ նրան, որ բոլոր հիվանդանոցները պետք է պետպատվեր ունենան։ Պետք է ասեմ, որ մանավանդ ծննդատները պետք է շատ անհանգստանան, քանի որ Երեւանը կարիք չունի այդքան շատ ծննդատներ ունենալու։ Եթե շենքը կա, չի նշանակում, որ այն պետք է գործի»։

ՊԱԳ-ը բուժհաստատությունները վերահսկում է 3 մակարդակով: Նախ ստուգվում են բուժհիմնարկների ներկայացրած ամեն հիվանդի մասին հայտնող կատարողական թերթիկները։ Եթե հիմնարկը հիվանդի անձնագրի սերիան նշած չի լինում՝ գործակալության փորձագետները կարող են տեղում մերժել եւ չֆինանսավորել տվյալ բուժհիմնարկին, քանի որ առանց սերիայի չի երեւում՝ տվյալ մարդը ՀՀ քաղաքացի՞ է, թե՝ ոչ, եթե անգամ հիմնարկը վրիպում էլ արած լինի՝ միեւնույն է, մերժվում է։ Պետպատվերի պայմանագիրը կարող է մերժվել նաեւ այն դեպքում, երբ հիվանդի սոցիալական կարգավիճակի մասին հավաստող փաստաթուղթը բացակայում է: Երբ կատարողականն արդեն ընդունվում է, հետո այն ստուգվում է ավելի մանրամասն՝ պարզելու, թե հիվանդի մոտ ինչ ախտորոշում է, եւ նա ինչ բուժում է ստանում: Արդեն 3-րդ փուլում ՊԱԳ-ի փորձագետները ստուգումներ են իրականացնում՝ այցելելով բուժհաստատություններ, որտեղ տեղում նայում են նաեւ հիվանդի հիվանդության նկարագիրը եւ բուժման ընթացքը: Ըստ Արա Տեր-Գրիգորյանի՝ «Եթե տնօրինությունը բերի հիվանդության նկարագիրը եւ ապացուցի, որ փաստաթուղթն են անփույթ լրացրել, իսկ հիվանդին լիարժեք բուժում են տվել, պարզապես կզգուշացնենք, որ այլեւս նման անփույթ ձեւով փաստաթուղթը չլրացնեն։ Իսկ եթե ապացուցվում է, որ հիմնարկը լիարժեք բուժում չի իրականացրել, ակտ ենք կազմում եւ նրանց հատկացվող գումարը նվազեցվում է։ Լինում է նաեւ, որ մենք լուրջ բանավեճի ենք բռնվում բուժհաստատության ղեկավարության կամ հիվանդին բուժող բժշկի հետ՝ հիվանդության բուժման մեթոդոլոգիայի հետ կապված, լինում է, որ համաձայնության չենք էլ գալիս, քանի որ բժիշկներն անցնում են տարբեր դպրոցներ եւ բուժման մեթոդները տարբեր են լինում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել