Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշորներին ավելի մե՞ղմ են վերաբերվել

Ապրիլ 16,2010 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մտահոգել են 2008-2009թթ. հարկային մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքները: Կառավարության երեկվա նիստում պարոն Սարգսյանն ասաց, թե հարկային ստուգումների քանակը 2009-ին ավելացել է 82%-ով, այդ թվում՝ խոշոր հարկատուների մոտ՝ 30%-ով, մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ՝ 70%-ով, իսկ մյուս հարկատուների մոտ՝ 250%-ով. «Միեւնույն ժամանակ, հարկատուների երեք խմբերի ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 2-3 անգամ, այստեղից հետեւում է, որ ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ եւ վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուներինը, ընդ որում՝ այդ տարբերությունը 2008-ին աճել է 3,8 անգամ, իսկ 2009-ին՝ 4,6 անգամ, ստացվում է՝ մենք խոշոր հարկատուների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք ունենք»:

Վարչապետի խոսքով, յուրաքանչյուր ստուգման ժամանակ մեկ հարկատուին առաջադրված գումարները եթե համեմատեն հարկատուներից հավաքագրված հարկերի հետ, ապա պարզվում է, որ 325 խոշոր հարկատուների մոտ ոչ միայն ավելի քան 50 անգամ պակաս է, քան մյուս հարկատուներինը, այլեւ 2008-ի համեմատությամբ 2009-ին այդ ցուցանիշը նվազել է մոտ 40%-ով՝ այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում բոլոր մյուս հարկատուների մոտ այդ ցուցանիշները մնացել են գրեթե նույնը. «Մինչդեռ մեր ռազմավարության հիմքում ընկած էր այն սկզբունքը, որ մենք մինիմումի պետք է հասցնենք շփումները հարկ վճարողների հետ ու անհանգստացնենք միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները, որոնց ցուցանիշների մեջ կան շեղումներ»: Պարոն Սարգսյանը հորդորեց քննադատության սլաքը ուղղել ֆինանսների նախարարություն՝ նշելով, որ արդյունավետության առումով լուրջ խնդիր կա. «Նախարարության դերակատարությունը պետք է բարձրանա, որովհետեւ մեր կողմից ստանձնած ռեֆորմների ժամանակացույցը, ինչի մասին արդարացիորեն խոսում են ձեռներեցները, չի կատարվում, եւ եթե լրացուցիչ օժանդակություն է հարկավոր՝ մենք պատրաստ ենք, քանի որ բիզնեսի համար ստեղծել նպաստավոր միջավայր՝ միայն մակրո պարամետրերով, հնարավոր չէ»: Պարոն Սարգսյանը ասաց, թե փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ստեղծելու են բարենպաստ պայմաններ. «Խոշորները կարողանում են իրենց պահպանել, իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունները՝ ոչ»:

Վարչապետը նաեւ ասաց, թե համախառն ներքին արդյունքի ներկայիս աճը պայմանավորված է կառավարության որդեգրած մակրոտնտեսական գրագետ, ընդլայնողական քաղաքականությամբ. «Տնտեսության մեջ հսկայական գումարներ ենք ներարկել, եւ դա չի կարող տնտեսական աճ չբերել»: Վարչապետը արձանագրեց լուրջ առաջընթաց մակրոորոշումների առումով. «Պետության կարիքների համար 2009թ. ընթացքում մեկ անձի գնման ձեւով կատարվել են 36 միլիարդ դրամի գնումներ, որից միայն առաջին եռամսյակում՝ 16 միլիարդ դրամի գնումներ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձի գնման ձեւով կատարվել են 1,3 միլիարդ դրամ գնումներ, փաստորեն՝ գնումների ծավալը նվազել է մոտ 92%-ով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել