Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿՄ-Ն ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"«Ապաքաղաքական» այս կառույցի խորհրդի կազմում երեկ ընդգրկեցին նաեւ Արթիկի նախկին ու ներկա հանրապետական քաղաքապետերին:

Մի շաբաթ առաջ ԵԿՄ Գյումրու խորհրդի կազմում պատվավոր տեղ զբաղեցրեց գեներալ Մանվել Գրիգորյանի երբեմնի թշնամին՝ Գյումրու հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրեցիները դեռ չէին հասցրել հասկանալ, թե ի՞նչն է միավորել գեներալին ու քաղաքապետին, հանկարծ ԵԿՄ-ական դարձան Արթիկի նախկին ու ներկա քաղաքապետերը: Երեկ ԵԿՄ Արթիկի հաշվետու ընտրական ժողովում նոր խորհրդի կազմ ընտրվեց, որում ընդգրկվեցին բավականին հետաքրքիր դիրք ու պաշտոններ զբաղեցնող անձինք, մասնավորապես՝ հանքավայրեր ու սեփական բանկ ունեցող Վարագյանների մեծահարուստ ընտանիքը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, նրա եղբայրը՝ Արթիկի ներկայիս քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Արթիկի զինկոմը՝ Սուրիկ Հովսեփյանը, «Ժողովրդավարական հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եղբայրը՝ Փանիկի նախկին գյուղապետ Վարդան Մակեյանը, չնեղացրին նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ Համիկ Աբրահամյանին, նրան անգամ Արթիկի ԵԿՄ-ի փոխնախագահի պաշտոն շնորհեցին: Մի խոսքով, խորհրդի կազմը նորացվեց 31 անդամներով: Արթիկի ժողովը բավականին արագ ընթացավ, քվեարկությունները միաձայն էին՝ առանց «ավելորդ» առարկությունների ու կարծիքների, իսկ ելույթները կարճ ու կոնկրետ էին: Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը կես բառ անգամ չարտաբերեց, գոնե շնորհակալական խոսք չասաց, եւ առհասարակ երկու տարվա մեջ դժվար է հիշել որեւէ դեպք, որ լրագրողները լսած լինեն Արթիկի քաղաքապետի ձայնը: Փոխարենը ամբիոնից ինքնատիպ մտքեր արտահայտեց Արթիկի պատվավոր քաղաքացի, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ով դիմելով ներկաներին՝ ասաց. «Այս երկիրը ձերն ա, անկախ դրանից՝ բոլոր տեսակի դժվարությունները, անկախ դրանից՝ անհաջողությունները: Մենք միշտ վատից ենք խոսըմ, ասենք էսօր ոնց ա, պետական կառույցները ասենք սաղ ստուգող կամ բռնող մեխանիզմ ա, ասենք մի հատ երկրում հիմնարկ չկա, որ ասենք որեւէ մի գործարարի կամ մի լավ մարդու, աշխատողին շնորհակալություն հայտնի կամ պարգեւատրի, այլ բռնըմ, դատըմ կամ վարկաբեկըմ են: Այսօր միասին պետք ա լինենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այդ բոլոր պաշտոնները ժամանակավոր են, անկախ դրանից, թե ով են, լավ են անըմ, ես իրանց ցավը տանեմ, վատ են անըմ՝ ետ-առաջ պատասխան են տալի: Ով վատ բան անի էս երկրի, ժողովրդի, պետության նկատմամբ, ինքն անըմ ա իր մոր, կնոջ, երեխայի նկատմամբ, դրա համար էդ վատ բաները թողեք, թե ով ինչ ա անըմ, մենք բոլորս պետք ա մտածենք առաջ ու անմիջական պտի մտածենք, մեզանից սկսենք, մենք լավն անենք, ուրիշներն էլ, որ խելքի գան, իրանք էլ լավ բան կանեն»: Այս գերբովանդակալից նախաբանից հետո գեներալը խոսեց նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ պտտվող «զրույցների» մասին՝ հայտարարելով, որ Արցախի ազատագրման հարցը համայն հայությունն է լուծել, հետեւաբար որեւէ մեկը ոչ բարոյական իրավունք, ոչ էլ այդքան լիազորություն չունի առանց ժողովրդի «դատի»՝ Արցախի հարց լուծելու: «Լավ իմացեք, եթե ազրբեջանցին վստահ լինի, որ կարող ա պատերազմել ու վերցնել ազատագրված տարածքները, մի րոպե չի մտածի, կանի»,- հավելեց նա: Այդուհանդերձ, պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ, գեներալին հարցրին լրագրողները: «Ոչ մի երկիր չի կարող երաշխավորել, որ պատերազմ չլինի, էսօր ավելի մեծ, հզոր Պարսկաստանի պես պետությունն էլ է 24 ժամ վախեցած, որ կարող ա պատերազմ լինի, բոլորն էլ վախենըմ են, Ռուսաստանն ու Ամերիկան իրարից վախենըմ են, պայմանագրեր են կնքըմ եւ այլն, եւ այլն: Երբ որ իմանան, որ կարան մեզի ճնշեն, մեզանից խլեն, անխտիր կփորձեն անել, բայց քանի որ մեր բանակը, մենք, մեր ժողովուրդը միասնական ա, ամուր ա, ապագա ունի, պատերազմ չի լինի: Մեզանից ա կախված՝ պատերազմ կլինի, թե՝ ոչ, եթե մենք ուզենանք չըլնի՝ ուրեմն չի լինի»,- վստահորեն պատասխանեց Մանվել Գրիգորյանը: Արթիկի հաշվետու ժողովից հետո լրագրողները գեներալից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են կուսակցականացնում ԵԿՄ-ն եւ ինչո՞ւ են խորհրդի կազմերում հատկապես քաղաքապետերին ընդգրկում: «Քաղաքապետերը սաղ հանրապետական են, հայ չե՞ն, իմ տղան էլ ա քաղաքապետ, Երկրապահի էլ բաժանմունքի նախագահ ա, ի՞նչ կապ ունի: Երկրապահն ապաքաղաքականացված է, մեր համար նշանակություն չունի, հայի տեսակ ա երկրապահը, ով հայրենասիրություն, ինքնասիրություն ունի, մեր համար հեչ կապ չունի, որ կուսակցությունն ա, իրանից ինչ ա ներկայացնում: Երկրապահի հավերժ նախագահը Հանրապետական կուսակցության նախագահ էլ ա եղել, մոռանը՞մ եք Վազգեն Սարգսյանին, բա ըտենց հարց կարելի՞ ա տալ, ի՞նչ կապ ունի»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիր հայացքներ ունեցող երկրապահներին մեկուսացնում, գեներալը պատասխանեց. «Հայ մարդը, հայի տեսակը ընդդիմություն ինքը իրա տան մեջ չի կարա լինի, Երկրապահն ընդդիմություն չի կարա լինի, ընդդիմությունը քաղաքական գաղափարի խնդիր ա, իսկ երկրապահը երկրի պաշտպանող մարդիկ են: Մեր մոտ բոլոր տեսակի մարդիկ էլ կան, կոնգրեսից էլ կան, Վազգենի ախպերը՝ Արամը, «Հանրապետություն» կուսակցության նախագահն ա, Երկրապահի անդամ է, էդ ի՞նչ եք խոսում, բոլոր կուսակցություններից էլ կան, ով ցանկություն ունի իր ժողովրդին, պետությանը ծառայելու՝ ընդգրկվում ա, ըտենց ով որ խոսում ա՝ ուրեմն մուտիլովչիկ ա, խառնակիչ ա, ազգի խառնակիչ ա, ոչ թե Երկրապահի»: Վերջին երկու տարվա ընթացքում ԵԿՄ-ի պասիվ լինելու հետ կապված էլ գեներալը արդարացավ, թե երկրում խառը վիճակ էր, եւ անիմաստ էր իրենց դուրս գալը, քանի որ Երկրապահի խնդիրը ոչ թե ներքին քաղաքականությանը խառնվելն է, այլ սահմանները պաշտպանելը: «Ոչ Երեւանը, ոչ Գյումրին, ոչ Արթիկը, ոչ Էջմիածինը մեր համար ոչ Ֆիզուլի են, ոչ էլ պալիգոն են, ուսումնական կենտրոն չեն, որ դուրս գանք, որեւէ մեկի շահը պաշտպանենք: Կիրգիզիայում ի՞նչ եղավ, ուզո՞ւմ եք Հայաստանում էլ Կիրգիզիա լիներ՝ անկախ նրանից՝ ով ում էր սպանում, ըտենց իշխանություն վերցնելն ո՞ւմն ա պետք: Արյունով իշխանություն կուզենայի՞ք ունենալ»,- հարցրեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել