Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽ ներկայացուցիչներից պահանջում է արձագանքել Թուրքիայի վարչապետի հայտարարությանը՝ հայերին արտաքսելու մտադրության վերաբերյալ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն օրերս նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին եւ ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների անդամներին: Նամակում հիշեցվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ հայտարարել է իր մտադրության մասին՝ արտաքսել այն հայերին, որոնք իբր ապօրինի են գտնվում Թուրքիայում. առաջին անգամ, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Ցեղասպանության մասին բանաձեւը, երկրորդ անգամ՝ արդեն այն բանից հետո, երբ Շվեդիայի խորհրդարանը որոշում կայացրեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Դրանից հետո «Շպիգելին» տված հարցազրույցում Էրդողանը մասնավորապես ասաց, որ եթե Սփյուռքը շարունակի ճնշում գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, իրենք կարող են քննարկել հայերի արտաքսման հարցը:

Դավիթ Հարությունյանը նշել է. «Այս հայտարարությունները քննադատության ալիք բարձրացրին նույնիսկ Թուրքիայում: Այնուամենայնիվ՝ Թուրքիայի վարչապետը չցանկացավ ներողություն խնդրել ու ուղղել իր սխալը՝ միայն հայտարարեց, թե իրեն սխալ են մեկնաբանել ու ըմբռնել: Բայց հետագա դեպքերը հստակ ցույց տվեցին, որ վարչապետը շարունակում է նույն խտրական մոտեցումը: Այս հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, թե անձնավորությունը, որը պատասխանատվություն է կրում Թուրքիայի Հանրապետության քաղաքականության համար՝ ըստ ազգային պատկանելության մի խմբի առանձնացնում է այն համատեքստում, որը որեւէ կերպ կապված չէ ապօրինի միգրացիայի խնդրի անաչառ լուծման հետ»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նաեւ նշել է, թե նման «անպատասխանատու հայտարարությունները ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ միջազգային բոլոր համաձայնագրերի եւ պայմանագրերի աղաղակող խախտում են եւ պահանջում են Եվրոպայի խորհրդի ու մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի արագ արձագանքն ու սեւեռուն ուշադրությունը: Ցավալի է, որ մինչ այսօր ոչ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ոչ ԵԽԽՎ նախագահը չեն արձագանքել նման անպատասխանատու հայտարարություններին, որոնք խախտում են կազմակերպության սկզբունքներն ու արժեքները»:

Ըստ պրն Հարությունյանի՝ Թուրքիայի վարչապետին հարկ է հիշեցնել, թե մարդու իրավունքների լուրջ խախտում է եւ որոշ դեպքերում՝ հակամարդկային հանցագործություն է որակվում որեւէ խմբի հետապնդումը՝ դրա ազգային, ռասայական, էթնիկ կամ այլ հատկանիշների պատճառով. «Առավել ակնառու է, որ նման հայտարարություն է արվում բարձրաստիճան անձի կողմից մի երկրի, որի ներկայացուցիչները միլիոնավոր միգրանտներ են, ներառյալ ապօրինի միգրանտներ՝ Եվրոպայի մեծ մասում»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի նշած եւս մի փաստարկն է, որ իր հայտարարություններում Թուրքիայի վարչապետն ազդարարում է բացասական վերաբերմունքի մասին հստակ մի խմբի նկատմամբ՝ հայկական ծագումով միգրանտների, եւ սա ի ցույց է դնում այն խոցելի վիճակը, որում գտնվում են այս միգրանտները. «Ուստի Եվրոպայի խորհուրդը պետք է հստակ ու աներկբա զգուշացնի Թուրքիայի կառավարությանը՝ իր վարչապետի կողմից կատարված այս հայտարարությունների բնույթի ու բովանդակության եւ անթույլատրելիության մասին՝ այս խնդիրն օգտագործելու որպես օտար երկրների վրա ճնշման միջոց»: Ըստ նրա՝ ԵԽ-ն նաեւ պիտի Թուրքիայի կառավարությանը հիշեցնի միջազգային օրենքներով իր պարտավորությունը՝ միգրանտներին պաշտպանել ապօրինի կամ բռնի գործողություններից:

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ Թուրքիան մինչ այժմ չի վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրությունը, որով նախատեսվում է բացառել խտրականությունը, նաեւ չի ստորագրել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը եւ այլն: Հիշեցված է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 2009-ին Թուրքիա այցելությունից հետո զեկույցը՝ ազգային փոքրամասնությունների վիճակի մասին, նաեւ այն, որ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ իր երրորդ զեկույցում կարեւորել է ներգաղթյալների, անկախ իրենց իրավական կարգավիճակից՝ ապաստան որոնողների եւ փախստականների իրավունքների պաշտպանությունը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նամակը եզրափակել է՝ հույս հայտնելով, թե Եվրոպայի խորհուրդն անհապաղ կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ազդեցություն գործելու Թուրքիայի կառավարության վրա, որ ձեռնպահ մնան «ռասիստական եւ խտրական բնույթի հրապարակային սպառնալիքներից ու գործողություններից»: Նամակին Դավիթ Հարությունյանը կցել է այն բոլոր վերապահումներն ու հայտարարությունները, որ Թուրքիան արել է միջազգային պայմանագրերում, որոնք վերաբերում են ռասայական խտրականության բոլոր ձեւերը բացառելուն եւ միգրանտների իրավունքներին: Թուրքիան մասնավորապես մշտապես հայտարարել է, թե նման համաձայնագրերի դրույթները կկատարի միայն այն պետությունների նկատմամբ, որոնց հետ ունի դիվանագիտական հարաբերություններ:

Հ. Գ. Հիշեցնենք, որ մարտի 26-ին էլ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն էր դիմել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ Էրդողանի նույն հայտարարությունների կապակցությամբ: Մասնավորապես կոչ էր արել. «Դատապարտեք ԵԽԽՎ անդամ որեւէ երկրի ղեկավարների ազգայնամոլական հայտարարությունները եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից պահանջեք ուղիղ եւ ամբողջական առերեսվել սեփական պատմության՝ մարդկության եւ քաղաքակրթության դեմ մեղանչած եղեռնակիր էջերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել