Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՑԸ «ՎԱՐՉԱԿԱՆԸ» ՄԱՍԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ

Ապրիլ 16,2010 00:00

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Վարչական դատարանը Հայ ազգային կոնգրեսի՝ գազի սակագնի բարձրացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման դեմ հայցադիմումը միայն մասամբ է վարույթ ընդունել: Վարույթ է ընդունվել հայցի միայն այն մասը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀԾԿՀ-ի կողմից գազի սակագինը բարձրացնելու որոշումը:

Հայցադիմումի այն մասի ընդունումը, որով պահանջվում էր նույն հանձնաժողովի «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» թիվ 53-Ա որոշումը եւ «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչել, մերժվել է։ Մերժվել է նաեւ հայցվորների ներկայացրած միջնորդությունները՝ որպես հայցի ապահովման միջոց՝ ձեռնարկելու, մինչեւ դատարանի կողմից որոշում կայացնելը, սպառված գազի սակագինը նախկին գնով հաշվարկելու, նաեւ գործը՝ որպես հասարակական մեծ հնչեղություն ունեցող խնդիր, բանավոր ընթացակարգով քննելու մասին: Ասել է թե՝ գործը Վարչական դատարանը քննելու է գրավոր ընթացակարգով։ Ի դեպ, դատարանի կայացրած որոշումը՝ հայցադիմումի ընդունումը եւ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով, ենթակա է բողոքարկման ՀՀ Վարչական դատարանի, որոշումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի հայցին միացել եւ Վարչական դատարանում որպես համահայցվորներ հանդես է գալիս ՀՀ 7230 քաղաքացի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել