Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԱՄԲԻՈՆ

Ապրիլ 16,2010 00:00

Եվրոպայի խորհրդի կողմից Թբիլիսիում կազմակերպվել է «Մամուլի ազատության մարտահրավերները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում» համաժողով: Երեկվանից իր աշխատանքները սկսած համաժողովի ընթացքում քննարկման թեմաները լրագրողների անվտանգության եւ պաշտպանության առկա խնդիրներն են, խոսքի ազատության նկատմամբ վտանգներն ու նոր տեխնոլոգիաների օգտագործումից բխող մարտահրավերները: Եվ միջոցառման հայտարարված հիմնական նպատակն է մշակել կոնկրետ առաջարկներ՝ ուղղված այս երկրներում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը խթանելուն՝ համաձայն Եվրոպայի խորհրդի չափանիշների եւ հանձնարարականների:

Սակայն Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն այս համաժողովն օգտագործեց այլ նպատակով՝ հակահայկական նյութերի տարածման համար: Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի կողքին՝ մասնակիցների ուշադրությանն էին ներկայացված այդ դեսպանատան կողմից անցած տարի հրապարակված գրքույկի՝ «Հայաստանի Հանրապետության ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության եւ դրա իրավական հետեւանքները» օրինակները: Հայաստանի ներկայացուցիչները բողոքեցին սրա դեմ: Եվ դրանից հետո ԵԽ տեղեկատվական հասարակության եւ հանցավորության դեմ գործողությունների բաժնի ղեկավար Իվան Կոեդջիկովը հանդես եկավ պարզաբանումներով. «ԵԽ անունից կուզենայինք հայտնել, որ ճիշտ ենք համարում ԼՂ խնդրի լուծումը, բայց դա մեր քննարկման թեման չէ»: Շեշտելով, թե ամեն մեկն ազատ է իր կարծիքն արտահայտելու՝ նա հորդորեց չքարոզել ատելություն:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանի խորհրդական Շովգի Մեհթիզադեն ցավ հայտնեց, որ նման սուր բանավեճ եղավ՝ պնդելով, թե գրքում ոչ մի հակասություն չկա իրականության հետ. «Մենք պատրաստ ենք լսել այլ տեղեկատվություն, կարդալ այլ գրքեր»: Ու նաեւ հարց ուղղեց, թե արդյոք երկրում կարելի՞ է որեւէ ոլորտում բարեփոխումներ իրականացնել, երբ տարածքի մի մասն օկուպացված է: Բնականաբար, Հայաստանի ներկայացուցիչ լրագրողները հակադարձեցին նրան, սակայն ավելի տեղին է մեջբերել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ավելի ուշ ասված խոսքերը. նա առանց որեւէ անուն տալու՝ նշեց, թե ինքն էլ է բարդ տարածաշրջանից՝ Բոսնիա Հերցեգովինայից, սակայն դա երբեք պատրվակ չէ առաջ չշարժվելու:

Հ. Գ. ԵԽ համաժողովի ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել