Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւը կորցրել է իրականության զգացումը

Ապրիլ 16,2010 00:00

Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակը

Հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանը իբր ձեւավորվել է պատմական Ադրբեջանի տարածքում, իսկ Երեւանը ժամանակին էթնիկ զտումներ է կատարել, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց. «Կարծում եմ՝ վերջին շրջանի զարգացումների արդյունքում Իլհամ Ալիեւն այնքան ջղաձիգ է դարձել, որ արդեն բացահայտ տարածքային նկրտումներ է հանդես բերում Հայաստանի նկատմամբ՝ ասելով, որ Հայաստանը ձեւավորվել է Ադրբեջանի պատմական տարածքներում: Երեւի պարոն Ալիեւին իր երկրի պատմության բացակայությունն է դրդել նման հայտարարություններ անել: Կամ մեկուսացվածությունը, որում հայտնվել է այդ երկիրը: Թեպետ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն էր ձգտում այնպես անել, որ Հայաստանը հայտնվի մեկուսացված իրավիճակում»: Պարոն Շարմազանովը վստահ է, որ այլեւս Ադրբեջանին չեն օգնում ոչ նավթի պաշարները, ոչ էլ նավթադոլարները. «Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ ալիեւյան մտքին, ապա պետք է ասեմ, որ նույնիսկ Թոմաս Մորը կերազեր Ալիեւի պես ստեղծագործական եւ ուտոպիստական միտք ունենալ: Այնտեղ որեւէ ռեալիստական բան չկա, եւ այս վերջին ժամանակաշրջանի գործընթացները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիեւը կորցրել է իրականության զգացումը»:

Իսկ էթնիկ զտումների մասով պարոն Շարմազանովը նկատեց. «Ինչ վերաբերում է օկուպացված տարածքների ազատման հարցին, ապա մենք համամիտ ենք, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այն ուժի վրա, ով օկուպացրել է եւ կատարել էթնիկ զտումներ: Երեւի Ալիեւը մոռացել է, թե իրականում ով է արել էթնիկ զտումներ: Ես նրան անպայման կհիշեցնեմ: Դեռեւս 20-րդ դարի սկզբին Բաքվում եւ Շուշիում ադրբեջանցիները, այսինքն՝ Կովկասյան թաթարներն իրականացրեցին էթնիկ զտումներ: Դրանից հետո՝ 1988-90 թվականներին Բաքվում եւ Սումգայիթում հարյուրավոր հայերի սպանեցին, այնուհետեւ ողջ Ադրբեջանի տարածքում իրականացրեցին էթնիկ զտումներ, իսկ Շահումյանն ու Մարտակերտն առ այսօր օկուպացված են Ադրբեջանի ուժերի կողմից, որտեղից մոտ 300.000 փախստականներ մեկնել են մի շարք երկրներ»:

Իսկ հարցերը լուծելու համար, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ճիշտ կլինի, որ «միջազգային հանրությունը ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա իր զորքերը հանի Շահումյանից ու այլ օկուպացված տարածքներից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել