Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ԶՍՊԻ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Ղրղըզական ապստամբության դասերը՝ հատուկ ՀՀ ոստիկանապետի համար

«Հեղափոխություն կոչվածի մեկնաբանությունը հիմա չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետեւ այդ գունավոր հեղափոխությունները շատ մարդկանց անհասկանալի ոգեւորում են։ Հասկանում ենք, որ սա խոշոր քաղաքականության արդյունք է, որը խաթարում է տվյալ երկրի հիմքերը: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որեւիցե մեկի մտքով դա անցնի։ Մենք իրադրությանը տիրապետում ենք, լավ կլինի՝ քաղաքակիրթ ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն։ Իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը խորհուրդ չեմ տա։ Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել»,- վերլուծելով ղրղըզական հեղափոխությունը՝ փայլատակել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միտքը։ Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նաեւ հատուկ ՀՀ ոստիկանապետի համար բացահայտեց ղրղըզական հեղափոխության իրական պատճառները՝ հուսալով, որ դրանից հետեւություններ կարվեն, քանի որ իրավիճակային բավականին հետաքրքիր ընդհանրություններ կան: Ըստ մեր զրուցակցի՝ 2005-ի ապստամբությունից հետո Ղրղըզստանում ծանր սոցիալական վիճակն էլ ավելի էր խորանում, քաղաքական առումով այնտեղ նաեւ Հյուսիսի եւ Հարավի խնդիր կար: Քաղաքականությամբ զբաղվելուց առաջ պարոն Կարապետյանը ոստիկանապետին խորհուրդ է տալիս լավ ուսումնասիրել հատկապես հետեւյալ տեղեկությունները. «Բակիեւի 14 ազգականները զբաղեցնում էին երկրի ամենակարեւորագույն ուժային եւ ֆինանսական պաշտոնները: Շատ հետաքրքիր էր, որ Բակիեւի տղան՝ Մաքսիմը, Լատվիայում բնակվող Բելակոն ազգանունով մի շատ կարեւորագույն գործարարի գործընկերն էր, որն իր հերթին Բարիս Բերեզովսկու գործընկերն էր: Բակիեւը շատ սիրում էր գիշերային ակումբային կյանքը, շատ էլիտար պահվածք է ունեցել: Մեր երկրորդ նախագահի երեխաներն էլ էին 1000 դոլարանոց շամպայն խմում: Մաքսիմ Բակիեւն էլ, ի դեպ, թղթախաղի սիրահար էր, եւ խաղաթղթի փաթեթը, որով ինքը խաղում էր, ոսկուց էր պատրաստված: Դինաստիկ-կլանային ամուսնություններ, բոլոր օլիգարխներն էլ գտնվում էին Մաքսիմի հովանավորության եւ ազդեցության գոտում: Մեզ մոտ էլ Սերժ Սարգսյանի փեսան եւ եղբայրը, կարծում եմ, Հայաստանում շատ բաներ կարող են տնօրինել»: Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ Ղրղըզստանում սուլթանական մեկ խմբին փոխարինելու եկավ մյուս խումբը, եւ վկայակոչելով հետխորհրդային երկրների իշխանությունների, այդ թվում նաեւ Հայաստանի, պահվածքը, ղրղըզական նոր իշխանության ներկայացուցիչների անցած ճանապարհը՝ տարակուսում է, թե ո՞վ է սուլթանատի անդամը:

Արամ Կարապետյանը հարկ է համարում հիշեցնել Բակիեւին ուղղված՝ պառլամենտի նախկին խոսնակ Տեկեբաեւի խոսքերը, որոնք նա դեռ 2006-ին էր ասել. «Ինչո՞ւ եք ցանկանում այնպիսի բաներ անել, երկիրը հասցնել այն աստիճանի, որ ձեզ շան նման սպանեն»: Նա խորհուրդ է տալիս նաեւ ընթերցել 2006-2009թթ.-ի Բակիեւին շրջապատող մարդկանց ելույթները եւ համեմատել Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սամվել Նիկոյանի եւ մյուսների ելույթների հետ. «Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց ոչ մի տարբերություն: Շատ դեպքերում նույն պրոպագանդան է ու ագիտացիան, թե երկրում ամեն ինչ լավ է, բնականոն է եւ այլն: Հետսովետական էլիտայի հոգեկերտվածքն է այդպիսին: Իսկ պարոն Ալիկ Սարգսյանին պատրաստ եմ տրամադրել, թե ինչ արտահայտություններ էին արել ապրիլի 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին Ղրղըզստանի ոստիկանապետը եւ ԱԱԾ ղեկավարը (Ա. Կարապետյանը ոստիկանապետին պատրաստ է տրամադրել նմանատիպ հայտարարություններ դեռ անտիկ ժամանակներից). դրանցից հետո տեղի ունեցան հայտնի ողբերգական իրադարձությունները: Ես չեմ ասում՝ լավ էր, բայց հարց եմ տալիս՝ ապստամբությունն ունե՞ր ռեալ հիմքեր, թե՞ ոչ, ինչո՞ւ հենց նույն գիշերը բոլոր ոստիկաններն անցան ժամանակավոր կառավարության կողմը: Այն ամենը, ինչ արվել է այնտեղ, այնպիսի ատելություն է առաջացրել, որը վերաճել է ապստամբության: Իրողությունից պետք է ելնել: Թե չէ՝ մարտի 1 տեսած երկրի համար մի քիչ էժանագին հնարք է՝ օրորոցում կխեղդենք, այսպես կանենք, այնպես կանենք: Գոնե երկու գիրք, չորս թերթ պետք է կարդալ, մի քիչ էլ ինտերնետից օգտվել՝ նոր քաղաքական դաշտ մտնել, «քաղաքական» վերլուծություններ եւ հայտարարություններ անել»: Հատուկ Ալիկ Սարգսյանին եւ երկու գիրք կարդացած ՀՀ բոլոր ղեկավարներին Արամ Կարապետյանը հարց է տալիս. «1793 թվականի ֆրանսիացիները քաղաքակի՞րթ էին, թե՞ ոչ, երբ գիլյոտինով գլխատեցին թագուհուն՝ Մարիա Անտուանետտային, քաղաքակի՞րթ էին անգլիացիները Օլիվեր Կրոմվելի հեղափոխության ժամանակ, երբ գլխատեցին Կարլ առաջինին: Պարոն Սարգսյանի համար կարող եմ քաղաքակիրթ ժողովուրդների այնպիսի օրինակներ բերել, որոնք բարձրացել են եւ ահավոր բարբարոսություններ են կատարել: Թե իրավիճակի թելադրանքի առաջն Ալիկ Սարգսյանն ինչպես պետք է առնի՝ դժվարանում եմ ասել»:

Ինչեւէ, մեր զրուցակիցը հայ իշխանավորներին կոչ է անում դասեր քաղել հետխորհրդային հեղափոխություններից. «Եթե երկրում իրավիճակն ապստամբային է՝ ապստամբությունն այս կամ այն ձեւով տեղի է ունենում: Եվ այդ ապստամբության ձեւը, տեսքը, գործող ուժերը եւ այլն կախված չեն այս կամ այն մարդու ցանկություններից»: Հղում անելով պատմական փորձին՝ մեր զրուցակիցն արձանագրում է, որ դեռ որեւէ մեկի չի հաջողվել մինչեւ վերջ ճնշել հեղափոխությունները, եթե դրանից հետո որեւէ ռեալ առաջընթաց չի գրանցվել: Իսկ մարտիմեկյան հայկական հեղափոխությունն, ըստ նրա, այդ պահին պարտություն կրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել