Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ապրիլ 16,2010 00:00

\"\"«Մարտի 1»-ի զոհերի հարազատները հետո միայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կդիմեն ԵԴ-ին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվանից կմեկնարկեն 2008թ. մարտի 1-ի դրամատիկ ու ողբերգական իրադարձությունների հետեւանքով 10 զոհերից 9-ի (հատկանշական է, որ բացառություն է միայն ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանը) հարազատների բողոքների գործերով դատավարությունները: Դրանցով բոլոր զոհերի հարազատները, որպես տուժողների իրավահաջորդներ, վիճարկում են իրենց զավակների սպանությունների հանգամանքների բացահայտման հարցում ցուցաբերած ՀՀ Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության անգործությունը, գործողություններն ու ընդունած որոշումների օրինականությունը:

Զոհերի հարազատների բողոքների քննարկումները դատարաններում ընթանալու են չորս փուլով: Դատավարություններից երկուսը մեկնարկելու են այսօր, երրորդը՝ ապրիլի 19-ին: Բողոքները դատարանին ներկայացվել են չորս փաթեթով՝ ըստ տեղի ունեցած սպանությունների ընդհանրությունների:

Վարույթ ընդունված գործերից մեկը, որի առնչությամբ դատական նիստի նշանակման մասին դեռ տեղեկություն չկա, վերաբերում է Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի իրավահաջորդների բողոքին: Նրանց գործը դատարան է ներկայացվել մեկ առանձին փաթեթով, որովհետեւ հայտնի է, որ նրանք երկուսն էլ սպանվել են հրազենից՝ 9 միլիմետր տրամագծով գնդակից, որն արձակվել է ոստիկանության աշխատակիցների մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից:

Այսօր դատավորներ Արմեն Խաչատրյանի ու Գագիկ Խանդանյանի նախագահությամբ կմեկնարկեն երկու խումբ գործերով դատավարությունները. մեկը՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի, մյուսը՝ Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի իրավահաջորդների ներկայացրած բողոքների հիման վրա:

Ապրիլի 19-ին դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ կքննարկվի չորրորդ խումբ գործը, որը վերաբերում է բացառապես «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման արդյունքում սպանվածներ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի իրավահաջորդների բողոքին:

Հիշեցնենք, որ զոհերի հարազատներն արդեն ավելի քան երկու տարի բախում են մարտիմեկյան իրադարձությունները, իբր, քննող ՀՔԾ-ի, Գլխավոր դատախազության, եվրոպական կառույցների դռները՝ պահանջելով, ի վերջո, բացահայտել կամ ստիպել բացահայտել իրենց հարազատների սպանություններն ու պատժել մեղավորներին, բայց՝ ապարդյուն: Ա. Զեյնալյանին հարցրինք, թե արդյոք պարզ չէ՞ այդ դատավարությունների ելքը ու նաեւ այն, որ դատարանն էլ կրկնելու է ՀՔԾ-ի ու Գլխավոր դատախազության պատճառաբանությունները, թե՝ հնարավոր չէ նույնականացնել ո՛չ սպանության գործիքները, ուստի՝ պարզ չէ նաեւ, թե կոնկրետ որ ոստիկանն է, որ զենքով եւ ում սպանել: «Մենք նախ՝ դատարանից պահանջում ենք, որ նա ճանաչի մեր վստահորդների՝ զոհվածների հարազատների իրավունքների խախտման փաստը: Այդ անգործության արդյունքում խախտվել է նրանց՝ մահվան հանգամանքների արդյունավետ քննության իրավունքը, նաեւ զոհերի հարազատների՝ խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը: Նրանք առավել եւս երկամյա այս անորոշության արդյունքում նաեւ տառապանքներ են կրում, եւ դա անմարդկային վերաբերմունք է նրանց նկատմամբ: Մենք պահանջել ենք վերացնել անգործությունը, իրականացնել արդյունավետ քննություն, միեւնույն ժամանակ պահանջել ենք, որ բացատրվի նրանց փոխհատուցում ստանալու իրավունքը, գործուն աջակցություն ցուցաբերվի դրանում, միաժամանակ նաեւ փոխհատուցում տրամադրվի»,- արձանագրեց Ա. Զեյնալյանը: Ի վերջո, ակնհայտ է, որ ՀՔԾ-ի անգործությունը հանգեցնում է տուժողների իրավահաջորդների՝ փոխհատուցում ստանալու անհնարինության, մինչդեռ այդ մարդկանցից ոմանք ոչ միայն իրենց հարազատին են կորցրել, այլեւ ընտանիքի կերակրողին:

Ա. Զեյնալյանը պնդեց նաեւ, թե զոհերի հարազատների բողոքները լիովին տեղավորվում են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սկզբունքների շրջանակներում: Կոնկրետ դեպքում դա Կոնվենցիայի 2-րդ հոդվածով կյանքի իրավունքի, նաեւ անդամ երկրների իրավազորության ներքո գտնվող անձանց տրված արդյունավետ քննության, 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի երաշխիքներն են:

«Մենք հնարավորություն ենք տալիս այս իշխանություններին լուծելու այդ խնդիրը, հակառակ դեպքում դիմելու ենք ԵԴ, որտեղ այս գործերը վարույթ ընդունելու համար բավարար չափով հիմնավորված են»,- հավելեց Ա. Զեյնալյանը: Զոհերի հարազատներից Ալլա Հովհաննիսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե իրենք որեւէ ակնկալիք չունեն հայաստանյան դատարաններից: Պարզապես ստիպված են սպառել ներպետական բոլոր ատյանները՝ Եվրոպական դատարանին բողոք ներկայացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել