Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Երեւանի «Բանանցը» լարված պայքարում 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց «Միկայի» հետ խաղում, որին առաջնության մեկնարկային տուրում զիջել էր 0:4 հաշվով: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղի սկզբնամասում: 12-րդ րոպեին միկացի Նարեկ Բեգլարյանի խփած գոլն առաջ մղեց հյուրերին, սակայն ընդամենը երեք րոպե հետո դաշտի տերերը Միգել Վեբերտ դա Սիլվայի ջանքերով վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց:
Իսկ նախօրեին, «Փյունիկն» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ եւ, կարելի է ասել, գործնականում լուծեց եզրափակչի ուղեգրի խնդիրը: