Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂ

Ապրիլ 15,2010 00:00

Տյումենում անցկացված Լողի միջազգային բաց առաջնության ժամանակ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողներից կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը:

\"\"

Այս տարի առաջին անգամ հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ) իր մասնակցին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացվող Լողի միջազգային բաց առաջնությանը եւ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար լողի չեմպիոնատին: Մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի 29 ռեգիոններից, Թաիլանդից ու Ղազախստանից՝  200-ից ավելի լողորդներ: Մրցանակակիրները որոշվում էին անհատական առաջնությունում, անցկացվում էր նաեւ թիմային հաշվարկ։
Հայկական ազգային ֆեդերացիան ներկայացրել էր 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանին, որը հանդես եկավ բրաս եւ ազատ ոճում: Նա մրցեց չորս լողատարածություններում, կատարեց նաեւ Ռուսաստանի առաջին սպորտային կարգին համապատասխանող նորմատիվ։
Մարգարիտան արժանացել է 2 արծաթե մեդալի՝ 400 մետր լողատարածքն ազատ ոճով անցնելով 8 րոպե 21 վայրկյանում, 100 մետր լողատարածքն էլ բրաս ոճով՝ 2 րոպե 51 վայրկյանում: Մեր լողորդուհուն բրաս լողաոճում ընդամենը 1 վայրկյան չբավականացրեց այս տարվա օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման մինիմում ստանդարտները լրացնելու համար։
Չնայած դրան, Մարգարիտան իրեն շատ լավ ու հպարտ է զգում՝ նման մրցույթից մեդալներով վերադառնալու կապակցությամբ, ասում է, որ, փաստորեն, իզուր չէր իր մասնակցությունը. «Այնտեղ կային մասնակից թիմեր, որոնք ոչ մի մրցանակային տեղ էլ չզբաղեցրին, իսկ Հայաստանից միայն ես էի ներկայացել եւ 2 արծաթե մեդալ ստացա: Ես ինձ չեմ գովում, բայց իմ մարզիչներն էլ ասում էին, որ ես լավ եմ լողում: Ինձ պատասխանատու էի զգում ու շատ էի հուզվում: Մարզիչներս ասում էին, որ եթե անգամ առաջին 10-յակում ընդգրկված լինեմ՝ լավ կլինի, սակայն ես ավելիին էի ձգտում, հավատում էի, որ ավելին կարող եմ, բայց չէի էլ սպասում, որ մեդալակիր կդառնամ: Ես մրցում էի Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների ու Պարալիմպիկ խաղերի հաղթողների հետ: Առաջին անգամ էի նման կարգի մրցույթին մասնակցում եւ շատ լավ էր, որ մեդալներ նվաճեցի»: Նա պատմեց նաեւ, որ իր համար դժվարություններ առաջացել են այն պահին, երբ սկսվել է մրցանակաբաշխությունը. «Հարթակները չափազանց բարձր էին, ես չէի կարողանում բարձրանալ: Ինձ սայլակ էին տվել, որ ավելի հեշտ տեղաշարժվեմ, ուստի՝ երբ իմ անունն էին հայտարարում, ես ուղղակի գնում եւ կանգնում էի 2-րդ տեղի հարթակի մոտ»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է միայն մեկ մասնակից ներկայացվել այս մրցույթին, ՀՍՀԱՖ-ի համակարգող Վարդուհի Արամյանը «Առավոտին» պատասխանեց, որ ֆինանսական հնարավորությունները իրենց թույլ չտվեցին ավելի շատ լողորդներ ընդգրկելու համար. «Առաջնության մասնակցության բոլոր ծախսերը հոգում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան` չունենալով պետական աջակցություն, ուստի մեր հնարավորությունները թույլ տվեցին ներկայացնել միայն մեկ մարզիկ, իսկ Մարգարիտան մեր լավագույն լողորդներից է: Այս մրցույթը լավ էր նաեւ նրանով, որ մասնակցության համար գումար պետք չէր վճարել, իսկ այլ միջազգային հաշմանդամային սպորտային մրցույթներին պարտադիր են վճարումները, ամեն մասնակցի համար անհրաժեշտ է լինում վճարել մինչեւ մի քանի հարյուր եվրո: Մենք մեր միջոցներով կարողացանք ինքնաթիռի տոմսերը գնել, իսկ այնտեղի ֆինանսական խնդիրներն իրենց վրա վերցրին Տյումենի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավար Համլետ Փաշայանի: Ասեմ նաեւ, որ եթե մենք արժանի մասնակից չունենայինք, պարզապես մասնակցելու համար չէինք գնա այդ մրցույթին, մենք գիտեինք, որ ներկայացնում ենք լավ լողորդի: Բրավո Մարգարիտային, որ կարողացավ 2 մեդալ նվաճել: Հուսով ենք, առաջիկայում էլ նման մրցույթների կկարողանանք մասնակցել մեր մյուս լավագույն լողորդներով»:
Չնայած Հայաստանը մրցույթին մասնակցում էր ընդամենը մեկ մարզիկով, նրա հավաքած միավորներով մեր երկիրը թիմային հաշվարկում 24 թիմերի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը: Իսկ հայ լողորդի մարզիչները պարգեւատրվեցին առաջին կարգի պատվոգրով եւ մեդալով՝ հաշվի առնելով, որ նրանք իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ էին կատարել: Նշենք, որ մրցույթը տեւել է 5 օր՝ ապրիլի 7-12-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել