Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրարտուից Երեւանի գարեջուր»

Ապրիլ 15,2010 00:00

Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է

\"\"

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր:
Ընդառաջ գնալով 2010-ը Կենսաբազմազանության միջազգային տարի հռչակելու ՄԱԿ-ի որոշմանը, ԻԿՕՄՕՍ-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը 2010-ին նշում է «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրի ներքո:
Հնագիտական հետազոտությունների արդյունքում բացված հնագույն բնակատեղիները թույլ են տալիս Հայաստանը տեսնել հին աշխարհի գյուղատնտեսական մշակույթում եւ, մասնավորապես, որպես երկրագործական մշակույթի առաջացման օրրան ու խաղողի նախահայրենիք: Վերջին տարիների պեղումները Վայոց ձորում ի հայտ բերեցին ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում խաղողի վերամշակման ամենահին կառույցը՝ հնձան Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին գտնվող քարանձավի մոտ (մ. թ. ա. 5-4 հազարամյակներ): Գարու եւ ցորենի, որոշ ձիթաբույսերի մշակությունը, խաղողագործությունը, այգեգործությունն ու գինեգործությունը եղել են նաեւ Ուրարտական պետության տնտեսության զարգացած ճյուղերը: Հույն պատմագիր Քսենոֆոնի վկայությամբ, Հայաստանում դեռեւս մ. թ. ա. 5-4-րդ դարերում են գարեջուր արտադրել: Ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանների, բազմաթիվ կարասների, գինեգործական պարագաների, ծծումբի առկայությունը, խաղողի ածխացած սերմերը վկայում են, որ խաղողի այժմյան որոշ տեսակներ (ոսկեհատ, գառան դմակ, մսխալի, Արարատի եւ այլն) տեղական ծագում ունեն: Օրինակների շարքը կարելի է շարունակել:
Այս համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպությունը՝ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի աջակցությամբ ապրիլի 18-ին հանդես կգան օրվա խորհուրդը ներկայացնող միջոցառմամբ՝ հանրությանը հիշեցնելով, որ ժառանգության պահպանությունը բոլորիս միջեւ բաշխված պատասխանատվություն է: Միջոցառման բացման արարողությանը կհետեւի «Ուրարտուից Երեւանի գարեջուր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
Կողք կողքի ներկայացված ցուցանմուշների եւ լուսանկարների միջոցով այցելուին կներկայացվի Հայաստանում գարեջրի արտադրության անցյալն ու ներկան՝ Ուրատուից մինչեւ Երեւանի գարեջուր: Շեշտելով այն, որ գարեջրագործությունն ու գինեգործությունը Հայաստանում ապրող եւ զարգացող մշակույթներ են՝ միջոցառումը կավարտվի թանգարանի ներքին բակում կազմակերպված «Երեւանի գարեջրի» եւ հայկական գինիների այն տեսականու համտեսով, որոնց արտադրությունը խրախուսվել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի» կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել