Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Ապրիլ 15,2010 00:00

Չինաստանի արեւմուտքում գտնվող Ցինհայ նահանգում 7,1 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ամենաքիչը 400 մարդ է զոհվել եւ մոտ 8 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Չինական ԶԼՄ-ների մատուցմամբ, տեղի տասնյակ բնակիչներ չեն կարողանում դուրս գալ փլատակների տակից: Տարերային աղետը, BBC-ի փոխանցմամբ, տեղի է ունեցել Յույշու-Տիբեթի ինքնավար մարզում, որտեղ հիմնականում բնակվում են գյուղատնտեսությամբ եւ անասնաբուծությամբ զբաղվող էթնիկ մոնղոլներ եւ տիբեթցիներ: Այդ նահանգում գործում են նաեւ ածուխի եւ մետաղի բազմաթիվ հանքեր: Տարերային աղետի արդյունքում բազմաթիվ մեկհարկանի տներ են փլուզվել, ավելի բարձրահարկ շենքերը թեեւ փլատակների չեն վերածվել, բայց զգալի ճաքեր են ստացել: Երկրաշարժին նախորդել է երկու հզոր՝ 5,3 եւ 5,2 բալանոց ցնցում: Որոշ տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնում շենքերի 85%-ը փլվել է: Չինաստանի իշխանությունները միաժամանակ պնդում են, որ դպրոցական շենքները չեն տուժել: Աղետի գոտի են ուղարկվել չինական զորքերի զինծառայողներ եւ փրկարարներ:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին Սիչուան եւ Յունան նահանգներում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվել էր գրեթե 70 հազար մարդ, 5 միլիոնը մնացել էր անօթեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել