Իսրայելի իշխանությունները արտակարգ ուղերձով դիմել են երկրի՝ Սինայի թերակղզում գտնվող քաղաքացիներին, կոչ անելով նրանց անհապաղ լքել թերակղզին, որովհետեւ այնտեղ կա ահաբեկիչների հարձակման սպառնալիք:
BBC-ի մատուցմամբ, Իսրայելի վարչապետի գրասենյակից հաղորդել են, թե հատուկ ծառայությունները «կոնկրետ տեղեկություն» ունեն, որ Սինայի թերակղզում իսրայելցիների առեւանգում է ծրագրվում: Ավելին, Իսրայելի իշխանությունները աննախադեպ քայլի են դիմել. նրանք սկսել են զանգել Սինայում հանգստացող քաղաքացիների հարազատներին՝ կոչ անելով նրանց կապվել իրենց ընտանիքի անդամների հետ: Հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ պաղեստինցի գրոհայինները պատանդառված իսրայելցիներին կարող են տեղափոխել Գազա՝ ստորգետնյա թունելների միջոցով:
Մինչ այդ հաղորդագրության տարածումը, Իսրայելում լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց, Սինայում արդեն պատանդառված իսրայելցիներ կան, սակայն փրկարար ծառայությունն այդ տեղեկություններն ավելի ուշ հերքել էր: Իսրայելի տասնյակ հազարավոր քաղաքացիները Զատկի տոները սովորաբար նշում են հենց Սինայի թերակղզում: Ու թեեւ հանգստացողների մեծ մասն արդեն վերադարձել է, բայց թերակղզում դեռ Իսրայելի քաղաքացիներ կան: