Իսլանդիայի իշխանությունները մոտ 800 մարդ են տարհանել երկրի հարավում գտնվող Էյաֆյալլայեկյուլ սառցադաշտի մոտակայքում հրաբխի կրկնակի ժայթքման վտանգը նկատի ունենալով: BBC-ն հաղորդում է, որ սառցադաշտի շրջանում արձանագրվել է սեյսմիկ ակտիվություն, որը, ըստ ամենայնի, կհանգեցնի նոր հրաբխի: Իսլանդիայի իշխանությունները հաղորդում են, որ հրաբուխը սկսել է գործել ապրիլի լույս 14-ի գիշերը եւ գեոֆիզիկների երկու ինքնաթիռները արձանագրել են այդ շրջանում բարձրացող ծուխ: Ենթադրվում է, որ հրաբուխն այս անգամ անհամեմատ փոքր ծավալներ կունենա: Իշխանությունները նաեւ չեն բացառում, որ հրաբուխը կարող է ջրհեղեղի պատճառ դառնալ, քանի որ ակտիվացած վիճակում այն կարող է հալեցնել սառցադաշտը, առավել եւս, որ շրջանում գետերի ջրի մակարդակն արդեն բարձրացել է:
Ռեյկյավիկից 200 կմ հեռավորության վրա գտնվող Էյաֆյալլայեկյուլ սառցադաշտի մոտակայքում հրաբխի օջախը ակտիվացել է մարտի 20-ին եւ դրա ժայթքելու հետեւանքով դադարեցվել էր երկրի մի քանի քաղաքներն իրար կապող ավտոմայրուղիների երթեւեկությունը, ուղեւորատար ինքնաթիռները թռիչքներ էին կատարել ընդհատումներով: Վերջին անգամ տարերային այդպիսի աղետ հիշյալ շրջանում տեղի է ունեցել 1821 թվականին: