«Ռուսաստանը նորից վերադառնում է աշխարհի քարտեզին, եւ դա մեզ համար լավ է»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամերիկյան հեղինակավոր Լիբերալ կազմակերպության՝ Բրուկինգսի ինստիտուտում ամերիկյան փորձագետների էլիտայի առջեւ ունեցած իր ելույթի ժամանակ: Աղբյուրի վերլուծության համաձայն, շատերի համար Ռուսաստանի վերադարձը աշխարհի քարտեզ՝ նշանակում է, որ Մոսկվայի օրակարգում առաջիկայում դրական շեշտադրումներ կլինեն եւ միջազգային քաղաքականության առանցքային հարցերում Մոսկվան կհամագործակցի ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ: Նախագահ Մեդվեդեւի ելույթը, ըստ ամենայնի, կոչված էր ամրապնդելու հենց այդ տպավորությունը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված հարցերի մի ստվար հատվածը վերաբերել է Ղրղըզստանում ծավալվող իրադարձություններին: Դրանց անդրադառնալով՝ ՌԴ նախագահն ասել է, թե մեծ վտանգ կա, որ այդ երկիրը կարող է բաժանվել երկու հատվածի՝ հյուսիսի եւ հարավի, եւ որ «շատ կարեւոր է կանխել արյունահեղությունը»: Նրա կարծիքով, Ղրղըզստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, ու այդ համատեքստում Ղրղըզստանը նույնիսկ համեմատել է Աֆղանստանի հետ: «Այդ երկիրը մոտենում է ոչ լեգիտիմ զարգացումների հերթական փուլին»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ «նման հակամարտությունների ընթացքում ամենապարարտ հող է ստեղծվում ծայրահեղականների համար, եւ այդ ժամանակ Ղրղըզստանի տեղում կարող է Աֆղանստան ծագել»: Միաժամանակ Մեդվեդեւը այդ երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի մասին խոսելիս չի թաքցրել իր հեգնանքը նրա հանդեպ: Պատասխանելով Ղրղըզստանում «Մանասում» ամերիկյան ռազմական հենակետի ներկայության մասին հարցին, ՌԴ նախագահը Բակիեւին ժպիտով անվանել է «հետեւողական մարդ». «Նա սկզբում ասում էր, որ հետեւողական որոշում է ընդունել եւ պատրաստվում է լիկվիդացնել ամերիկյան հենակետը, իսկ հետո նա ընդունեց հետեւողական որոշում՝ տարանցիկ բեռնափոխադրումների միջազգային կենտրոնը պահպանելու մասին: Հետեւողականությունը քաղաքական գործչի համար գնահատելի հատկանիշ է. որքան մեծ է քաղաքական գործչի հետեւողականությունը, այնքան մեծ է նրա աշխատանքի արդյունքը, իսկ արդյունքը՝ ակնհայտ է»: Հանդիպման ավարտին Մեդվեդեւը զարմանքով նկատել է, որ իրեն ավանդական հարցեր՝ ո՛չ ռուսական ԶԼՄ-ների, ո՛չ երկրում քաղաքական համակարգի, ո՛չ էլ Պուտինի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ չտրվեցին:
Ինչ վերաբերում է Բակիեւին, ապա նա հրաժարվել է լքել Ղրղըզստանն ու քաղաքական ապաստան խնդրել որեւէ այլ երկրում: «Նման հարց ես չեմ քննարկում»,- APA-ի մատուցմամբ, հայտարարել է անձեռնմխելիությունից այլեւս զրկված Բակիեւը: