Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեյն ռինգ»՝ Վանաձորում

Ապրիլ 15,2010 00:00

Ըստ ուսանողների՝ պարտվողներ չկան, որովհետեւ հաղթեց գիտելիքը

Օրերս «Բրեյն ռինգ» խաղ-մրցույթը միավորել էր Վանաձորի բուհերի ուսանողներին: Թիմերը մրցեցին միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց ինտելեկտուալ կարողությունները: Միջոցառումը կազմակերպել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Վանաձորի «Ջահակիր» խումբը:
Վերջինիս ղեկավար Տիգրան Թադեւոսյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են  տարբեր բուհերի ուսանողների՝ միմյանց հետ շփմանն ու  ճանաչմանը:
Կազմակերպած խաղ-մրցույթի հերոսները ներկայացնում էին  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի Ս. Մատինյանի անվան պետական տեխնոլոգիական քոլեջը, «Մխիթար Գոշ»  հայ- ռուսական միջազգային համալսարանը եւ Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը:
Բոլոր ուսանողական հաստատությունները խաղ-մրցույթին մասնակցում էին 2-ական թիմով՝ բացի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղից. նրանք խաղին ներկայացան  1 թիմով: 
20-ամյա  Աննա Ղազարյանը խաղ-մրցույթի ակտիվ մասնակիցներից էր: Մինչ խաղն սկսելը նա վախենում էր, որ ոչինչ չի ստացվի. «Շատերս գալուց առաջ վախենում էինք. մտածում էինք, որ չենք կարողանա ճիշտ պատասխանել հարցերին, բայց պարզվեց, որ լավ էլ կարողացանք»:
Աննան Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի 1-ին թիմի ներկայացուցիչներից մեկն էր: Նրա թիմը կիսաեզրափակիչում ընդամենը 1 միավորով զիջեց մրցակցին:
Ըստ Աննայի՝  նման խաղերում հաղթանակի առաջին նախապայմանը զարգացած տրամաբանություն ունենալն է, ինչին հաջորդում են տեղեկացված լինելը եւ արագ կողմնորոշվելու ունակությունը:
Խաղի մասնակից 18-ամյա Լիդա Գասպարյանն էլ Աննայի նման սկզբում վստահ չէր իր ուժերի վրա, նույնիսկ չէր մտածում լավագույն եռյակում հայտնվելու մասին. «Շատ էինք հուզվում, վախենում:  Կարծում էինք, որ ընդհանրապես եռյակում էլ չենք հայտնվի, բայց հայտնվեցինք», -պատմում է «Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը: Ըստ նրա՝ խաղում հաղթեց գիտելիքը:
Լիդան էլ էր այն  կարծիքին, որ նման միջոցառումների պակաս կա. «Երիտասարդությունը զբաղմունքի, ժամանցի  խնդիր ունի»:
Խաղ-մրցույթում հաղթեց Ս. Մատինյանի անվան պետական տեխնոլոգիական քոլեջի 1-ին թիմը: Բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր եւ պարտվոգրեր, իսկ առաջին, երկրորդ եւ  երրորդ տեղի զբաղեցրած թիմերը՝ նաեւ փայտե արձանիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել