Կամ՝ ինչ է փոխում այն մարդկանց կյանքում
2000թ. Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները հիմնեցին «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպությունը: Ապրիլի 19-ին այն դառնում է 10 տարեկան: Ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու նպատակն էր փողոցում հայտնված մուրացիկ երեխաներին կտրել փողոցից ու հավաքել մի տաքուկ անկյունում, որտեղ նրանք շրջապատված կլինեն ջերմ ու հոգատար վերաբերմունքով: Եթե 2000 թ. «Օրրան» էր հաճախում 16 երեխա, 2001-ին՝ ավելի ընդարձակ տուն տեղափոխվելուց հետո, նրանց թիվը հասավ 50-ի, իսկ 2004թ., շնորհիվ բարերարներ Ջերարդ եւ Քլեո Գաֆեսճյանների, ինչպես նաեւ Գրիգոր եւ Աննա Գրիգորյանների, Կարոլին Մուգարի եւ Հովհաննիսյան ընտանիքների հովանավորության, օրրանցիները հաստատվեցին ավելի հարմարավետ եւ ընդարձակ շենքում, որն ապահովված է երեխաներին ու ծերերին անհրաժեշտ բոլոր հարմարություններով: «Օրրանը» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 90 երեխայի եւ 60 տարեցի: Ամսական 150 անձ եւս օգնություն է ստանում «Օրրանից»: Մինչ օրս շուրջ 4000 մարդ օգտվել է «Օրրանի» ծառայություններից: 2009 թ. հոկտեմբերին Բաց հասարակության ինստիտուտի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ «Օրրանի» մասնաճյուղ բացվեց նաեւ Վանաձորում, որում ընդգրկված են շուրջ 50 ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ:
Պատմում են «Օրրանի» սաները
Մարիետա Քոչարյան. «Դպրոցում լավ էի սովորում: Փոքր էի, երբ հայրս մահացավ, եւ ընտանիքս միջոցներ չուներ «պարապողներին» վճարելու համար: «Օրրանի» կամավորները եւ աշխատողները, սակայն, թույլ չտվեցին, որ ես հուսախաբ լինեմ: Կամավոր մանկավարժների օգնությամբ կարողացա պատրաստվել ընդունելության քննություններին եւ բարձր միավորներ ստանալով՝ ընդունվեցի Երեւանի տնտեսագիտական համալսարանի վճարովի համակարգ: «Օրրանի» բարեկամները սիրով օգնեցին իմ ընտանիքին հաղթահարելու նաեւ այդ դժվարությունը՝ վճարելով իմ ուսման մեկ տարվա վճարը»:
Ղարիբ. «Ես սովորում եմ Երեւանի թիվ 86 դպրոցի երրորդ դասարանում եւ արդեն երկու տարի հաճախում եմ «Օրրան»: Մինչեւ այստեղ գալը օրերով բացակայում էի դասերից եւ չէի սովորում: «Օրրանի» մանկավարժ ընկեր Աստղիկի եւ դպրոցի ուսուցչուհիների օգնությամբ այսօր մեծ սիրով եմ հաճախում դպրոց եւ ստանում եմ բարձր գնահատականներ. դրա վկայությունը դասվարիս գովասանքի խոսքերն են: Դպրոցին զուգահեռ՝ հաճախում եմ խոտի հոկեյի պարապմունքների, իսկ «Օրրանում» մեծ հաճույքով մասնակցում եմ կավագործության խմբակի դասերին: Իմ աշխատանքները պարբերաբար ցուցադրվում են բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներում»:
Գեւորգ. «Ես մանկուց շատ էի սիրում շախմատ խաղալ: Երբ 2008 թ. եկա «Օրրան», մանկավարժները նկատեցին շախմատի հանդեպ ցուցաբերած իմ հետաքրքրությունները եւ ինձ շախմատ նվիրեցին: Հետո դիմեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարությանը, եւ նրանք մեծ սիրով ինձ ընդունեցին շախմատի դպրոց: Շախմատի դպրոց հաճախելը ինձ համար տոն էր. ես այնքան սիրով էի պարապում, որ մեկ ամսում ստացա երկրորդ կարգ: Վերջերս «Օրրանում» շախմատի ակումբ բացվեց, եւ մեզ հյուրընկալվեց աշխարհի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, որը ակումբին գրքեր եւ հինգ շախմատ նվիրեց: Միջոցառման ընթացքում չեմպիոնը իր ուժերը «փորձեց» նաեւ ինձ հետ»: