Դասագրքաստեղծման գործընթացը շարունակում է ոչ թափանցիկ մնալ
Երեկ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակում տեղի ունեցավ դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովի 2-րդ «փակ» նիստը: Քննարկման էին դրված 2010-2011 ուստարվա ավագ դպրոցի դասագրքերի մրցույթին մասնակցող հրատարակչությունների առաջարկները:
Դասագրքաստեղծման գործընթացն ավանդաբար իրականացվում է գաղտնիության քողի ներքո, ինչի արդյունքում ունենում ենք, մեղմ ասած, ոչ կատարյալ դասագրքեր: «Առավոտը» ցանկացավ մասնակցել գործընթացին եւ հենց սկզբից արժանացավ հանձնաժողովականների դիմադրությանը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը զարմացավ եւ փոքր-ինչ վրդովվեց մեզ այնտեղ տեսնելով, այնուհետեւ՝ բերեց տարբեր պատճառաբանություններ, թե ինչու մեր մասնակցությունը թույլատրելի չէ: Այնուհետեւ մեր ներկայության մասին գուժեց ԿԳ փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանին: Նա եւս դեմ արտահայտվեց «Առավոտի»՝ նիստին մասնակցելուն եւ ասաց. «Գաղտնիություններ կան, որոնք մենք չենք կարող հայտարարել. օրինակ՝ մրցույթին մասնակցում են տարբեր հեղինակներ, սակայն նույնիսկ իրենք էլ չգիտեն, թե իրենց մրցակիցն ով է…»: Կ. Հարությունյանն էլ նշեց. «Ոչ մի գաղտնիք չկա, կարող ենք ասել, թե որ դասագրքերն են դրված մրցույթի եւ որ դասագրքի համար որ հրատարակչությունն է հայտ ներկայացրել, բաց դեռ ոչ մի որոշում կայացված չէ եւ ընթացքի մասին տեղեկություն հրապարակել չի կարելի»: Պրն Մկրտչյանին եւ տիկին Հարությունյանին խնդրեցինք նշել, թե ի՞նչ կարգի կամ դրույթի հիման վրա է արգելվում նիստին մասնակցելը: Նրանք վկայակոչեցին մրցույթի անցկացման կարգը: Սակայն հետո պարզվեց, որ նման կարգ գոյություն չունի:
«Առավոտին» ներկայացվեցին մի շարք փաստաթղթեր. օրինակ՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հայտահրավերի փաստաթղթերի 2-րդ գլխի 27.1 կետը, որով նշվում է, որ հայտերի բացման եւ պայմանագրի շնորհման միջեւ ընկած ժամանակահատվածում հայտողներն իրենց հայտին վերաբերող հարցերով իրավունք չունեն կապի մեջ մտնել գնորդի հետ: Իսկ հայտահրավերի 7,8-րդ կետերում ընդամենը նշված էր հայտերի տեխնիկական առաջարկների հրապարակայնորեն բացման եւ հաղթած հայտերի հայտարարման մասին: Ոչ մի խոսք չկար, ասենք՝ գնահատման գործընթացի ոչ հրապարակային լինելու մասին: Մնում է ենթադրել, որ հանձնաժողովը ինչ-որ բան թաքցնում է:
Մեզ երեկ հաջողվեց ճշտել, որ մրցույթի է ներկայացված ընդհանուր, հումանիտար, բնագիտամաթեմատիկական հոսքերի համար 16 անուն-դասագիրք՝ 7 հրատարակչությունների կողմից («Արեւիկ», «Զանգակ 97», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Էդիթ պրինտ», «Տիգրան Մեծ», «Մանմար»):