Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Կամավորից դեպի պարտադիր

Ինչպես ցանկացած սոցիալական հռչակված պետությունում, Հայաստանում նույնպես, քաղաքացիներին Սահմանադրությամբ երաշխավորվում է անվճար օգտվել որոշակի բժշկական ծառայություններից: Սակայն առողջապահության հայրենական համակարգը մի շարք պատճառներով ի վիճակի չէ բավարարել բնակչության պահանջները, քանի որ այդ պատճառներն արդյունք են տրամադրված դրամական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման, ինչպես նաեւ՝ մի շարք հիվանդությունների եւ վիճակների որպես ոչ սուր ախտորոշելու տրամաբանական հիմնավորման բացակայության, ինչի մասին է վկայում հետեւյալ օրինակը: Պերֆորատիվ կամ պայթած կույրաղիքով հիվանդին բժիշկները անվճար հիմունքներով վիրահատում են պետպատվերի շրջանակներում, իսկ բորբոքված կույրաղիքով հիվանդին (երբ վիճակը դեռ չի սրվել) վիրահատում են վճարովի հիմունքներով կամ, ինչպես բժիշկներն են կատակում՝ «Եթե ուզում եք անվճար՝ ուրեմն պետք է սպասել, մինչեւ որ պայթի»:
Հասկանալի է, որ բյուջետային միջոցները բավարար չեն առողջապահության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, հետեւաբար, նոր աղբյուրը՝ բժշկական ապահովագրությունը, անկասկած, կբարելավի իրավիճակը: Դա հասկանում են եւ Հայաստանի իշխանությունները, եւ բժիշկները: Ավելին, տեղական ԶԼՄ-ներում պարբերաբար նշվում են անգամ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ենթադրվող ժամկետները՝ 2-3 տարի: Ընդ որում, այդ ուղղությամբ որեւէ պլանային միջոցառում չի իրականացվում, ինչը հիմք է տալիս առաջիկա առնվազն 10 տարիների ընթացքում կասկածի տակ դնել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հավանականությունը:
Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի անդամ, պարտադիր բժշկական ապահովագրության կոորդինատոր Դավիթ Պետրոսյանի կարծիքով, այստեղ, մնացած պատճառների հետ մեկտեղ, որպես փորձաքար է հանդես գալիս նաեւ այն հանգամանքը, որ առողջապահության նախարարությունը չի ցանկանում հրաժարվել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաեւ պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժմանն ուղղվող բյուջետային միջոցներից: «Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան», որը կազմված է տարբեր կարգի 13 հազար բժիշկ-մասնագետներից, ընդունել է բժշկական ապահովագրության պրոբլեմներն ուսումնասիրելու եւ պարտադիր ձեւով դրա ներդրումն ուսումնասիրելու վերաբերյալ որոշում: Սակայն խաղի մեջ շատ մեծ շահեր են դրված եւ առանց նախագահի ուղղակի միջամտության՝ այդ գունդը տեղից չի շարժվի, իսկ նախագիծն այդպես էլ կհիշվի՝ դեպքից դեպք»,-նշել է Պետրոսյանը:
Պարտադիր բժշկական ապահովագրության գործարկման համար, իրոք, տիտանական ճիգեր են պահանջվում, որպեսզի, առաջին հերթին, սահմանվի բժշկական ապահովագրության զարգացման ուղղությունը, միասնականացնելով այն պարտադիր բժշկական ապահովագրության մոդելի հետ: Իսկ այնուհետեւ, առողջապահական համակարգում կիրականացվեն բարեփոխումներ, մասնավորապես, հիվանդությունների, բուժման մեթոդների, ախտորոշման եւ կանխորոշման միջոցառումների ստանդարտացման ուղղությամբ:
Ի՞նչն է խանգարում զբաղվել պարտադիր բժշկական ապահովագրության նախագծի քննարկմամբ, չէ՞ որ Հայաստանում այսօր, կամավոր բժշկական ապահովագրության շնորհիվ, արդեն տեսանելի է ապահովագրողների եւ բժիշկների համագործակցության դրական արդյունքը: Կամավոր բժշկական ապահովագրությունն է, որ սկսել է լուծել դեռեւս փոքր հանդիսացող, լայն լսարանին անտեսանելի, սակայն ապահովագրական Պոլիսների տերերի համար անգնահատելի նշանակություն ունեցող լուրջ պրոբլեմները: Խոսքը գնում է բժշկական ծառայությունների որակի եւ դրանց գների նկատմամբ իրականացվող հսկողության մասին, որը տեղի է ունենում ապահովագրելու դեպքում: Բնական է, հսկողությունն իրականացնում է ապահովագրական ընկերությունը, որը հանդես է գալիս որպես հիվանդի «գործընկեր» եւ կանխարգելում է՝ անտեղի պրոցեդուրաների իրականացումը, հիվանդին մի բժշկից մյուսի մոտ քարշ տալը, ծառայությունների գնի անհիմն բարձրացումը եւ նման այլ տհաճություններ, որոնք բազմաթիվ են առողջապահության մեր ազգային համակարգում: Տեղական ապահովագրողներն անգամ ունեն բժշկական անձնակազմի մասնագիտական անպետքության բացահայտման փորձ:
«Բոլորովին վերջերս «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության փորձագետին հաջողվեց կանխել բժշկական մի կոպիտ սխալ: Բժիշկը երեխային նշանակել էր Հայաստանում չգրանցված մի դեղամիջոց: Ընկերության փորձագետի կարծիքով, դա կարող էր վնաս պատճառել երեխայի առողջությանը, դրա համար էլ մենք արգելեցինք երեխային այդ դեղամիջոցով բուժելը: Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը գրավոր հաստատեց մեր փորձագետի կասկածները՝ անձամբ կապվելով պոլիկլինիկայի ղեկավարության հետ: Քննարկումից հետո դրվեց բժշկի մասնագիտական անպետքության եւ, որպես հետեւանք, աշխատանքից ազատելու հարցը: Փաստորեն, եթե չլիներ մեր միջամտությունը, ապա այդ դեղամիջոցի ընդունումը կարող էր լուրջ բարդացնել երեխայի վիճակը»,- մեզ հետ կիսվեց «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը, ավելացնելով նաեւ, որ վերոհիշյալ դեղամիջոցը բավականին թանկ արժեր (մոտ 150 հազար դրամ), ինչը բացառում է նաեւ շրջանառվող կարծիքն այն մասին, որ թանկությունը վկայում է որակի մասին:
Դավիթ Պետրոսյանը նույնպես բարձր է գնահատում վերահսկման համակարգում ապահովագրողի դերը, ընդ որում՝ նշելով այդ հսկողության հեռանկարայնությունը, որը կբերի բժիշկների լիցենզավորմանը եւ, հետեւաբար, կնպաստի մասնագիտական անպետք բժշկական անձնակազմի մաղմանը: «Բժիշկների պարբերաբար լիցենզավորման փորձ արդեն եղել է: Սակայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ լիցենզիայի մերժման ոչ մի դեպք չի գրանցվել, արվեցին համապատասխան եզրակացություններ, եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար լիցենզավորման գործընթացը կանգնեցվեց»,-պատմեց Դ. Պետրոսյանը:
Իհարկե, կամավոր բժշկական ապահովագրության այս բոլոր դրական կողմերը կարեւոր դեր են խաղում ապահովագրողների հաճախորդների՝ պոտենցիալ հիվանդների համար, սակայն կամավոր բժշկական ապահովագրության հիմնական եւ ամենակարեւոր առանձնահատկությունը՝ դա բժշկական ծառայությունների մատչելիությունն է:
Գաղտնիք չէ, որ հայերը մինչեւ վերջ հետաձգում են այցելությունը բժշկին: Բժիշկների կարծիքով, իրավիճակը բացատրվում է հիվանդների անվճարունակությամբ, որոնք անգամ լուրջ հիվանդությունների դեպքում էլ ստիպված են լինում բուժումը հետաձգել դեպի լավ ժամանակներ: Իսկ կամավոր բժշկական ապահովագրության դեպքում մատչելի են դառնում բժշկական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, թանկարժեք սրտանոթային վիրահատությունները, քանի որ դրանց համար վճարում է ապահովագրական ընկերությունը:
Իհարկե, ապահովագրական ընկերությունն առեւտրային կառույց է եւ, որոշակի պարտավորություններից բացի, ունի նաեւ իր սեփական շահերը, որոնցով ղեկավարվելով, նա կարող է չշտապել փոխհատուցել հաճախորդի առողջության վերականգնման հետ կապված ծախսերը: Իսկ այստեղ արդեն մեծ դեր է խաղում ապահովագրական ընկերության ընտրության հարցը:
Տեղին է նշել, որ մինչեւ 2009 թվականի ավարտը կամավոր բժշկական ապահովագրության հատվածում գործում էին ընդամենը 6 ապահովագրողներ: Հետաքրքրական է, որ այս ոլորտում նախկինում առաջատար հանդիսացող ընկերություններից մեկը վերջերս, դադարեցնելով իր գոյությունը որպես առանձին միավոր, միաձուլվեց եւ իր պորտֆելը փոխանցեց «Ռոսգոսստրախ Հայաստան» ընկերությանը, որն էլ իր հերթին, «ԻՆԳՈ Արմենիա», «Կասկադ Ինշուրանս», «Գարանտ Լիմենս», «Նաիրի» ընկերությունների հետ միասին, հայտնվեց այս հատվածի առաջատարների շարքում:
Հատկապես հաճախորդների թվի սահմանափակ լինելը եւ հաճախորդներից ցանկացած գնով ինչ-որ բան «պոկելու» ցանկությունն է, որ ապահովագրողներին ստիպում է մրցակցային պայքարում նահանջել դասական ապահովագրության կանոններից: «Հաճախորդներ ներգրավելու համար ապահովագրողները մրցակցում են ոչ թե ֆինանսական կայուն երաշխիքներ տրամադրելու, այլ միանգամայն ոչ ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: Ծառայություններ ստեղծելու ուղղությամբ առաջացած այս պարա-բժշկական եւ պարա-ապահովագրական աժիոտաժը, որն ապահովագրության հետ ոչ մի ընդհանուր բան չունի, հսկայական վնաս է հասցնում ապահովագրական շուկային: Կամավոր բժշկական ապահովագրության հաճախորդներն արդեն երես են առել դեմպինգային ընկերություններից, որոնք հաճախորդին դուր գալու համար շարք են կանգնել»,- նշում է «ԻՆԳՈ Արմենիայի» տնօրեն Լ. Ալթունյանը, դրանով իսկ բացատրելով հաճախորդների կողմից մեկ ապահովագրողից մյուսին անցնելը, քանի որ ապահովագրողների մեծ մասի մոտ բացակայում է վարչական եւ պատմական կայունության անհրաժեշտ փորձը, ինչպես նաեւ համապատասխան մեթոդաբանությունը: «Ընկերություններին խանգարում է նաեւ ավելորդ ձգտումն աուտսորսինգին՝ օրինակ, բժշկական փորձագիտությունը նրանք վստահում են կլինիկաներին, ինչը վտանգավոր է»,- նշում է Լ. Ալթունյանը:
Սակայն սրանով չեն սահմանափակվում հայրենական ապահովագրական համակարգի պրոբլեմներն ու թերացումները: Ապահովագրողների մոտ բացակայում է ապահովագրության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, պրոցեդուրաների ստանդարտացման եւ արձանագրման մեթոդաբանությունը, այդ թվում՝ նաեւ բժշկական հիմնարկների հետ հարաբերություններում: Հայ ապահովագրողները բժշկական նշանակումների փորձագիտության ժամանակ հաճախ են բախվում բացասական վերաբերմունքի հետ: «Հաճախորդները մատուցված ծառայությունների համար հաճախ են դժգոհություն արտահայտում: Դժգոհ են լինում նաեւ բուժհիմնարկները, որոնց աշխատանքն ստուգվում է մեր փորձագետների կողմից: Բնական է, բժշկական փորձագիտությունը ապահովագրողի համար անհրաժեշտ միջոց է, որը նպաստում է «փոխ-համաձայնության գալու» դեպքերի խափանմանը»,- հայտարարում է «ԻՆԳՈ Արմենիայի» ղեկավարը, պարզաբանելով իրավիճակը, որ եղել են դեպքեր, երբ հաճախորդը ներկայացրել է 40 ատամի բուժման հաշիվ, ինչն անհեթեթություն է:
Իրենք՝ ապահովագրողները, չեն գտնում, որ պարտադիր բժշկական ապահովագրությանն անցնելն այդքան արագ տեղի կունենա, քանի որ բազմաթիվ են անորոշություններն ու չլուծված խնդիրները, սակայն՝ դրա անհրաժեշտությունը չեն ժխտում:
Կուզենա՞ն, արդյոք, մեր հայրենակիցներն օգտվել բժշկական ապահովագրությունից, թեկուզ կամավոր հիմունքներով: Մեր մինի-հարցումները ցույց տվեցին, որ կուզենային, սակայն՝ ի վիճակի չեն: Հայերը չեն հավատում, որ անգամ ապահովագրության դեպքում էլ կլինիկայում չպետք է վճարեն բազմաթիվ այլ մանրուքների, այդ թվում՝ նաեւ «սպիտակխալաթավորների» բարի վերաբերմունքի դիմաց: Եվ այստեղ է, որ բժշկական ապահովագրության զարգացումը կանգ է առնում բնակչության կողմից չվճարելու ցանկության առջեւ, մանավանդ որ, բնակչության մեջ դեռեւս թարմ է մնացել խորհրդային անվճար բժշկության մասին հիշողությունը: Սակայն մոռացվում է մեկ այլ խորհրդային ճշմարտություն՝ «էժան բուժվել-իզուր բուժվել»: Այսինքն, ցանկացած պարագայում էլ վճարել պետք է, սակայն մի դեպքում՝ որակյալ ծառայությունների դիմաց, իսկ մյուս դեպքում՝ անորակ ծառայությունների հետեւանքների, կարեւոր չէ, թե դրանք ապահովագրական են, թե բժշկական:
Կամավոր եւ պարտադիր բժշկական ապահովագրությունների համադրման ճանապարհով ազգային առողջացման պրոբլեմը մնում է չլուծված: Մահացության բարձրացման կրիտիկական իրավիճակը, մանավանդ այն հիվանդությունների գծով, որոնք հաջողությամբ բուժվում են ժամանակակից ախտորոշման ճանապարհով, պետք է ծանրակշիռ փաստարկ հանդիսանա շտապ բարեփոխումների իրականացման համար, իսկ, ինչպես գտնում են փորձագետները, ապագայի ողբերգություններից խուսափելու համար, արդեն այսօր, հարկավոր է հստակ կողմնորոշվել նշված պրոբլեմների լուծման ընտրության հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել