Աշտարակի ձորի զարգացումից տուժել է Աշտարակն ի՞նքը
Շուրջօրյա ջրամատակարարում ունենալը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի բնակիչների համար առայժմ անիրականալի երազանք է: Օրական 7-8 ժամ ջուր ունեցող բնակիչները պնդում են, որ դա բավարար չէ կենցաղային կարիքները ամբողջությամբ հոգալու համար:
«Ես բազմանդամ ընտանիքի մայր եմ, ունեմ երեք փոքրիկ երեխա: Մեր տանը շատ ենք ջուր օգտագործում, բայց այնքան քիչ ջուր են տալիս, որ հնարավոր չէ մեկ օրում բոլորս լողանանք: Էլ չեմ խոսում կենցաղային մնացած խնդիրների մասին»,- ասաց աշտարակցի տիկին Ռուզաննան:
Աշտարակի ջրամակատարարումը ապահովվում է քաղաքի մատույցներում ու ձորում գտնվող բազմաթիվ աղբյուրներից եւ ջրի սակավության խնդիր երբեք չի եղել: Ըստ «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Աշտարակ» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Գրիգորյանի, ջրի պակասը պայմանավորված է քաղաքի աճող պահանջարկով: «Բնակչության կենցաղային կարիքների համար ջրի պահանջակը տարեցտարի աճում է, ու այն բավարարելը մի քիչ բարդ է: Որքան կարողանում ենք, այնքան էլ ջուր ենք տալիս բնակչությանը: Դրանից ավելի չենք կարող, քանի որ ջրի կորուստներն ու ջրագողությունը շատ են: Մենք ֆիզիկապես չենք կարող պայքարել ջրագողության դեմ: Բնակիչը պետք է գիտակցի, որ ջրագողությամբ նաեւ իր ընտանիքին է զրկում ջրից: Եթե հայտնաբերում ենք ջրագողության դեպք՝ 150 000 դրամ տուգանք ենք նշանակում: Եթե կարողանանք 100 տոկոսով բացառել ջրագողությունը, բնակչությունը 24 ժամ ջուր կունենա»,- ասաց Աշոտ Գրիգորյանը: 25 հազար բնակիչ ունեցող Աշտարակում, սակայն, քիչ չեն մարդիկ, որ կարծում են, թե իրենց ջրի խնդիրը Աշտարակի ձորից է գալիս: Վերջին 15 տարում Աշտարակի ձորում եւ քաղաքին հարակից տարածքներում խրախճանքի ու «կերուխումի» շատ «օբյեկտներ» են կառուցվել, որոնք էլ, ըստ աշտարակցիների մի զգալի մասի, շատ ջուր են օգտագործում, քաղաքին հասանելիքի ջրի մի մասն էլ է նրանց հասնում: Ավելին, ոմանք կարծում են, որ այս «օբյեկտները» ծախսած ջրի դիմաց ամբողջությամբ չեն վճարում, եւ սա է պատճառը, որ ջրի կորուստներն ու ջրագողությունը մեծ ծավալներ ունեն:
Այս գարնանը Աշտարակում ջրի պակասին գումարվեց ջրի մաքրության խնդիրը: Աշտարակցի տիկին Ժուլետը պատմում է, որ մի օր ծորակից ջրի հետ տիղմ է եկել ու երբ դիմել են «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, ստացել են «Եռացրեք՝ նոր խմեք» պատասխանը:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության «Աշտարակ» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Գրիգորյանը այս առթիվ ասաց, որ գարնանը գետերի վարարման եւ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջուրը պղտորվում է: Սա բնական է: Սակայն Աշտարակում չկա տեղական հեռուստաընկերություն եւ, ըստ Աշոտ Գրիգորյանի, հենց տեղական հեռուստաընկերության բացակայությունն է պատճառը, որ «Հայջրմուղկոյուղին» չի կարողանում բնակիչներին տեղյակ պահել նման երեւույթների եւ ընկերության ու բնակիչների հնարավոր քայլերի մասին:
Հ. Գ. Աշտարակում չկա ոչ միայն 24-ժամյա ջրամատակարարում, այլ նաեւ՝ կոյուղաջրերի մաքրման կայան: Քաղաքի աջափնյա հատվածի կեղտաջրերը առանց մաքրման լցվում են Քասախ գետը: Ձախ ափի կոյուղաջրերը մաքրվում են Օշականի մաքրման կայանում, սակայն այստեղ միայն մեխանիկական մաքրում է իրականացվում: Աշտարակի քաղաքապետարանում վստահեցնում են, որ կեղտաջրերի մաքրման կայաններ ունենալու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: