Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակին նվիրված միջոցառումներ՝ Սյունիքում

Ապրիլ 15,2010 00:00

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Սունիքի մարզում: Հաղթանակի 65-ամյակին նվիրված աշխատանքների համար համայնքի բյուջեից 3 միլիոն դրամ է հատկացվել: Այս օրերին տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Բարեկարգվում եւ նորոգվում են Մեծ հայրենականի համար կանգնեցված հուշարձաններն ու հուշահամալիրները: Ըստ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի տրամադրած տեղեկատվության՝ Կապանի քաղաքապետի եւ ավագանու համատեղ որոշմամբ, Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ կանգնեցված է հաղթանակը խորհրդանշող հուշակոթողը, նույն հաղթանակի 65-ամյակին տեղադրվում է զրահամեքենայի հուշարձան: Բացի այդ, հուշահամալիրում ընթանում են շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ, նաեւ ծառատունկ ու կանաչապատում: Բոլոր աշխատանքները կավարտվեն մինչեւ մայիսի 9-ը: Ըստ Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանի՝ կկազմակերպվեն այցելություններ անկողնային հիվանդ վետերաններին, իսկ մյուս վետերանների համար կկազմակերպվեն հանդիպումներ «կլոր սեղանի» շուրջ, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրինության հետ նախնական համաձայնությամբ կկազմակերպվի գիտագործնական կոնֆերանս՝ «Կապանցիները Մեծ հայրենականում» թեմայով, ավանդության համաձայն կտրվեն նվերներ: Այցելություններ կլինեն նաեւ մահացած վետերանների ընտանիքներին՝ նրանց օգնություն տրամադրելու նպատակով: Կապանում այսօր ապրում է 73 վետերան, որից 7-ը կին է:
Սյունիքում նախատեսվում են վետերանների մեծարման երեկոներ, «կլոր սեղաններ», հանդիպումներ, դպրոցականների կավճանկարների մրցույթ՝ «Աշխարհն առանց պատերազմի» թեմայով, ինչպես նաեւ «Դիպուկ հրաձիգ» սպորտային միջոցառումը: Կլինի հաղթանակին նվիրված նկարչական աշխատանքների մրցույթ: Բացի այդ, կրթօջախներում անցկացվելու է նաեւ «Մենք հաղթանակի սերունդն ենք» խորագրով շարադրությունների մրցույթ: Փետրվարից մարզի քաղաքային պոլիկլինիկաներում վետերանների համար անցկացվում են «Բաց դռների» օրեր: Իսկ ահա մայիսի 9-ին մարզի բոլոր համայնքներում կանցկացվի զորահանդես՝ տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողների մասնակցությամբ, կկազմակերպվեն համերգներ եւ այլ միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել