Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՎԵԼ Է

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Մինչ ՀՀ կառավարությունը մտածում էր, բնությունն իր «գործը» արեց

Ապրիլի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներում սողանքից փլվել է միջպետական նշանակության ճանապարհը եւ այսպիսով կտրվել է Իջեւանի տարածաշրջանի կապը Դիլիջանի հետ: Այս ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Բերդի տարածաշրջանի համար: Ապրիլի 14-ին Նոյեմբերյանից Երեւան մեկնող միկրոավտոբուսները ոչ թե սովորական Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան երթուղով են գնացել, այլ՝ Նոյեմբերյան-Ալավերդի-Վանաձոր ճանապարհով:
Ճանապարհի փլուզման առիթով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացնում է. «Ապրիլի 14-ին Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա գտնվող մոտ 100 մետրանոց հատվածը, որը Հովք գյուղի մոտակայքում է, սողանքի ակտիվացման հետեւանքով ամբողջությամբ քանդվել է եւ դարձել անանցանելի: Իրավիճակին տեղում ծանոթանալու եւ խնդրին լուծում տալու նպատակով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Հիշեցնենք, որ նույն այդ ճանապարհահատվածը՝ հունվար-փետրվարին առաջացած սողանքի պատճառով, դարձել էր դժվարանցանելի»:
«Առավոտի» մարտի 30-ի համարում «Միջպետական ճանապարհը քանդվել է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Մ4 միջպետական մայրուղու Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներով անցնող հատվածում սողանք կա եւ ծավալվում է: Նյութին արձագանքել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՏԿՆ մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացրել էր. «Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ 114+ 850 եւ կմ 115+ 300 հատվածը, որը գտնվում է Հովք գյուղի մոտակայքում, հունվար-փետրվարին առաջացած սողանքի պատճառով դարձել է դժվարանցանելի: Տավուշի մարզպետարանում փետրվարի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության արդյունքում, հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունը, նպատակահարմար էր գտնվել շարունակական աշխատանքներ տանել գործող ճանապարհի անցանելիությունն ապահովելու ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից, ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանի հանձնարարականի, «Ճաննախագիծ» նախագծային ինստիտուտը կատարել է նախնական ուսումնասիրություն, ըստ որի՝ ճանապարհի այդ հատվածի վերանորոգման համար նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 125,9 միլիոն դրամ: ՏԿ նախարարությունը նշված գումարի հատկացման համար նամակով արդեն դիմել է ՀՀ կառավարությանը: Այդ գումարը ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգվի»:
Վերոհիշյալ 125.9 միլիոն գումարը դեռ չի հատկացվել: Չի բացառվում, որ ամբողջությամբ քանդված ճանապարհը տեսքի բերելու համար ավելի մեծ գումար պահանջվի, քան կիսաքանդ ճանապարհի դեպքում:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 01.10-ին Իջեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում՝ Հովք գյուղին հարակից հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը։ Զոհեր եւ վիրավորներ չկան: Մոտ 120 մ երկարությամբ, 150 մ բարձրությամբ սողանքի հետեւանքով ձորն է ընկել «ԳԱԶ-3110» մակնիշի 70 ՏՍ 300 պետհամարանիշով ավտոմեքենան: Վարորդը եւ երկու ուղեւորները հեռացել են դեպքի վայրից, իսկ ավտոմեքենան հետագայում գետը քշել-տարել է: Մթության եւ տեղանքի վտանգավորության պատճառով գիշերով աշխատանքներ չեն իրականացվել, սահմանվել է հերթապահություն: Առավոտյան ժամը 08.00-ին սկսվել են հետախուզման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել