«Կանանց իրավունքների կենտրոնը» «Առավոտ» թերթում ապրիլի 1-ին ներկայացրել էր քաղաքացի Ա. Գ.-ի ամուսնաընտանեկան հարաբերությունների մանրամասնությունները, մասնավորպես՝ ընտանեկան բռնության դեպքը:
Հիշեցնենք, որ Ա.Գ.-ն հերթական կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության համար անուղղակի դիտավորությամբ՝ դանակի հարվածով մարմնական վնասվածք էր պատճառել ամուսնուն (Քրօրենսգրքի 112 հոդված՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք): Փաստի առիթով կնոջ նկատմամբ հարուցվել էր քր. գործ եւ կատարվում էր նախաքննություն:
Երեկ տեղեկացանք, որ Ա. Գ.-ի նկատմամբ քրեական գործը նախաքննության փուլում կարճվել է՝ անհրաժեշտ պաշտպանության հիմքով: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 42 հոդվածի՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»:
Այսինքն, Ա.Գ.-ի արարքը միանշանակ կարող ենք համարել անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված գործողություն: Մեր հասարակության մեջ շատ հազվադեպ հանդիպող կնոջ այս վարքագիծը ոչ միայն կարող է զարմանք առաջացնել, այլեւ անհավատալի մի արկածի նմանվել, որին կարող ենք հանդիպել միայն ֆիլմերում: Բայց «արի ու տես», որ սա ոչ միայն արկած չէ, այլ նաեւ իրականում կատարված, շատերի կողմից արդարացված եւ ըմբռնելի, համարձակ կնոջ արարք: Շատ կանայք տարիներ շարունակ ապրելով բռնարարի հետ՝ բռնության մթնոլորտում հանդուրժում են իրենց նկատմամբ կատարվող տգետ եւ անբարո գործողությունները:
Ա.Գ.-ի արարքը ոչ միայն կարող է նախադեպ հանդիսանալ հետագա բռնությունների վերացման համար, այլ նաեւ կարող է սթափեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր հարցի լուծման միայն մեկ տարբերակ են նախընտրում՝ «ծեծն ու ջարդը»: