Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԿՃԱՆԱՉԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 15,2010 00:00

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, թեեւ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ փակուղում, այնուամենայնիվ, առաջիկայում դրական առաջընթաց է ակնկալվում. «Համոզված եմ, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը երկընտրանք չունի, եւ վաղ թե ուշ գործընթացը փակուղուց կամ սառեցված վիճակից դուրս կգա, այնպես որ, մեզ համար նոր փուլում կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»: Երեկվա ասուլիսում պարոն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ գործընթացի ողջ փուլում, ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը ցույց տվեց, որ լուրջ դիվանագիտություն ունի ու իր ստորագրությունները չի դրժում. «Այս առումով ես գնահատում եմ այն հանգամանքը, որ դիվանագիտական թատերաբեմում Հայաստանի հեղինակությունն է բարձրանում, Թուրքիան ըստ էության ներկայիս աշխարհում չունի դիվանագիտական այն հեղինակությունը, որը կարող էր ունենալ, եթե հաշվի առնենք նրա ներուժը, սա Թուրքիայի կարեւոր խնդիրներից մեկն է»:
Թուրքագետի խոսքով, Թուրքիան վերջին շրջանում լուրջ առեւտրի մեջ է մտել Ամերիկայի հետ, եւ առեւտրի համատեքստում մաս են կազմում նաեւ հայ-թուրքական հարաբերությունները. «Ես կարծում էի, թե այդ առեւտրի ընթացքում, եթե Թուրքիան ստանար որոշ զիջումներ Ամերիկայի կողմից, կարող էր թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից դրական ընթացք տալ արձանագրություններին: Իսկ եթե ընթացք չի տալիս, ուրեմն ենթադրվում է, որ առեւտուրը չի հասել այն մակարդակին, որ Թուրքիան երկրորդ քայլի մասին մտածի»: Հայաստանի նախագահի վաշինգտոնյան այցից էլ պարոն Սաֆրաստյանը տպավորված է. «Ամերիկայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ մի դեպքում զիջումների չի գնա ո՛չ ցեղասպանության ճանաչման եւ ո՛չ էլ ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: Նախագահի հայտարարություններից ես հանգեցի այն եզրակացության, որ Հայաստանը եւ Սփյուռքը շարունակելու են համատեղ գործել համայն հայությանը հուզող հարցերի վերաբերյալ»: Թուրքագետը դժվարացավ նշել, թե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբաման կհիշատակի՞ «ցեղասպանություն» եզրույթը, թե՞ այս անգամ էլ կշրջանցի, բայց վստահեցրեց, թե լուրջ սպասելիքներ ունի իշխանական այս վարչակազմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել